Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մարզեր

Նկարահանումից հետո՝ մաքրություն.Վեդիի գերեզմանատան հարակից տարածքը վերածվել էր աղբանոցի (տեսանյութ)

Վեդու համայնքային գերեզմանատան հարակից տարածքը վերածվել  էր աղբավայրի, ու բնակիչները  տարբեր  հարթակներում բարձրաձայնում էին, բայց լուծում չկար։  Ուստի մի խումբ քաղաքացիներ ինքնակազմակերպվեցին  ու սեփական միջոցներով որոշեցին մաքրել տարածքը։ Նրանց էին միացել նաև ավագանու չորս անդամներ։

Վեդու քաղաքացիական նախաձեռնության անդամները ամիսներ առաջ դրոնով նկարել էին  տարածքն ու նախաձեռնության անունից դիմել Վեդիի  համայնքապետարան ու ստացել պատասխան, որ աղբավայրը գտնվում է Դաշտաքար համայնքի վարչական տարածքում։ Վեդու համայնքային գերեզմանատան նոր տարածքը նույնպես գտնվում է Դաշտաքար համայնքի վարչական տարածքում։

Նրանց ուղորդել են դիմել մաքրություն իրականացնող կազմակերպությանը։

«Մենք կարծում ենք, որ անկախ վարչական տարածքից, Վեդու գերեզմանատուն ու հարակից տարածքը պետք է գտնվեն  մաքուր վիճակում, դրա համար էլ որոշեցինք մեր հնարավորության սահմանում իրականացնել մաքրությունը և ցույց տալ պատկան մարմիններին, որ մի քանի ժամում կարելի է հասնել նշված խնդիրների լուծմանը»,- պատմում է Վեդու քաղաքացիական նախաձեռնության անդամ Գագիկ Հակոբյանը։

Նրա խոսքով՝ համայնքում կան խնդիրներ, որոնք տարիներ շարունակ լուծումներ չեն ստացել.  «Նախաձեռնությունը մի հարթակ է, որտեղ կազմակերպվում են քննարկումներ, խնդիրների բարձրաձայնում, ինչպես նաև  լուծման տարբերակների փնտրում և ուժերի համախմբվածությամբ փորձում ենք լուծել այդ բոլոր խնդիրները»։

Գործունեության ընթացքում նախաձեռնության անդամները պատկան մարմիններից որևէ աջակցություն չեն ակնկալել ու չեն ստացել։  

Քաղաքում խոսակցություններ կան, որ նախաձեռնության գործունեությունը կապված է գալիք ընտրություններին  Գագիկ Հակոբյանի որպես քաղաքապետի թեկնածու առաջադրվելու հետ։

«Պահը դեռ չի հասունացել և երբ գա այդ ժամանակը, մենք հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ և կիրականացնենք անհրաժեշտ բոլոր քայլերը»,-ասում է նա՝ չթաքցնելով իր մտադրության մասին։