Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Փաշինյանը պետք է մտներ Կրեմլ և Պուտինի հետ ամենաբարձր մակարդակով այդ հարցը քննարկեր․ Նորայր Նորիկյան (տեսանյութ)

«Մենք մեր առջև խնդիր ենք դրել դառնալ ՀՀ հանրային օրակարգի կարևորագույն դերակատարներից մեկը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց երեք օր առաջ ստեղծված «Արդար Հայաստան» հանրային նախաձեռնության հիմնադիր անդամ, փաստաբան Նորայր Նորիկյանը։

Նա նաև հնարավոր համարեց, որ նախաձեռնությունն առաջիկայում կդառնա կուսակցություն․

«շատ պարզ պատճառաբանությամբ, որ գործող քաղաքական իշխանությանը որպես այլընտրանք այսօր հայտ են ներկայացնում այնպիսի անձինք և ուժեր, ովքեր երկու տարի առաջ մերժվել և հեռացվել են»։

«Մենք խոսելու ենք նաև գործող իշխանության բացթողումների մասին, որը այս երկու տարիներին կորցրել են դատաիրավական բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարում ուղղակի տապալում է տեղի ունենում։ Նախորդ քաղաքական ռեժիմի պարագլուխներին պատասխանատվության ենթագրելու գործընթացը ուղղակի վիժեցված է»,- ասում է փաստաբանը։

Նորայր Նորիկյանն անդրադարձավ նաև ՀՀ նախկին այն բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, բայց նրանք գնացել են Ռուսաստան և հրաժարվում են վերադառնալ ու կանգնել արդարադատության առաջ։ Հա համարում է, որ եթե նրանք ՌԴ-ում հովանավորություն են գտել,  դա ՀՀ ինքնիշխանության, արժանապատվության խնդիրն է։

«Նիկոլ Փաշինյանը պետք է գնար, մտներ Կրեմլ և Վլադիմիր Պուտինի հետ ամենաբարձր մակարդակով այդ հարցը քննարկեր, ու խնդիրը լուծվեր միջպետական բանակցությունների միջոցով այն առումով, որ դա ՀՀ ներքին գործն է, որ ՀՀ-ն իրականացնում է օրինականության վերականգնման գործընթաց։ Եվ որ դա իր իշխանության հեղինակության խնդիրն է»,- ասում է նա։

Փաստաբանը նաև ասաց, թե չի հավատում, որ ցանկություն կա կալանավորելու Հայաստանի ամենակոռումպացված ընտանիքի անդամին՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին, բայց դրա համար հիմքեր չեն գտնում։

«Եթե երկու տարվա ընթացքում դուք չեք գտել նրան կալանավորել բավարար հիմքեր, ուրեմն ձեր տեղում չեք։ 2 տարին քիչ ժամանակ չէր Ռոբերտ Քոչարյանի 4 մլրդ դրամի համար տեղեկություն հավաքելու և այդ գումարները ետ բերելու համար»,- նշեց Ն․Նորիկյանը։

Փաստաբանը նաև հիշեցրեց վարչապետի այն հայտարարությունը, թե կան դատավորներ, որոնք գտնվում են օտար ուժերի ազդեցության տակ, և հարց բարձրացրեց․կա՞ն ձերբակալված դատավորներ։

 

Մանրամասները տեսանյութում