Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մանկատան շրջանավարտները բնակարաններ կստանան (տեսանյութ)

Կառավարության այսօրվա որոշմամբ մինչև 2019 թվականը մանկատնից դուրս եկած բոլոր շրջանավարտները կստանան բնակարաններ։ Հարցը Կառավարության նիստում ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը․

«Առաջարկվում է 2003-2015 թվականների ընթացքում «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում հատկացված բնակելի տարածությունը կամ բնակարանը նվիրաբերել դրանք զբաղեցրած 163 մանկատան շրջանավարտների։ Բնակարանները տրամադրվել էին անհատույց օգտագործման իրավունքով` 10 տարի ժամկետով: Պայմանագրով նախատեսվում էր, որ բնակարանը հետագայում կարող էր մասնավորեցվել կամ տրվել վարձակալության: Չնայած դրան՝ մանկատան շրջանավարտների դիմումներին ընթացք չէր տրվել»: 

Բաթոյանը նաև հիշեցրեց՝ նախարարության նախաձեռնությամբ արդեն մեկնարկել է 2019 թվականին հերթացուցակում ներառված, սակայն բնակարաններ չստացած մնացյալ շահառուների համար բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու գործընթացը, ինչի արդյունքում մանկատան շրջանավարտները սեփականության իրավունքով ձեռք կբերեն բնակարաններ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն  իր հերթին  կարևորեց մանկատան սաների պատշաճ կրթության հարցը․

 «Մեր խնդիրն այն չէ, որ մենք մեր մանկատան սաներին բնակարան տանք, մեր խնդիրը պետք է լինի այն, որ մենք մեր մանկատան սաներին՝ շրջանավարտ դառնալու պահին և հետագայում էլ կրթական այնպիսի հմտություններով կարողանանք օժտել, որ նրանք 1-2 տարի հնարավոր է, վարձակալության փոխհատուցում ստանան, ապա իրենք իրենց աշխատանքով բնակարան ձեռք բերեն, որովհետև այստեղ պրոբլեմը բնակարանը չի, և մենք բնակարանով հարց չենք լուծում իրականում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ  բնակարանը շահառուների համար ճիշտ տարբերակ ու հարցի լուծում չէ, փոխարենը պետք է աշխատանքի շուկայում բարձրացնել նրանց մրցունակությունը։