Վարակը եկավ, խոզերը կոտորվեցին․սահմանապահ բարեկամավանցիները մի քանի թշնամի ունեն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Սահմաննա, դիմացի բլուրի գլուխը Ադրբեջանի դիրքնա, շարունակվումա, մյուսը մեր դիրքնա»։ Ադրբեջանական դիրքերը Արմեն Ղարաքեշիշյանը ցույց է տալիս հակառակորդի նշանառության ուղիղ կենտրոնում գտնվող սահմանապահ Բարեկամավանից, որի մոտ 170 բնակիչներից մեկն է ինքը։ Գյուղից հեռանալ չի պատրաստվում, թեեւ չի թաքցնում՝ կյանքն այնքան էլ հեշտ չէ․
«Այստեղ անասնապահությամբ ենք զբաղվում հիմնականում, գործ չկա, աշխատանք չկա, հողերը թշնամու հայեցողության տակ են, ամեն մեկը մեկ –երկու կով հազիվ է կարողանում պահել։ Խոզ ենք պահում, վարակը եկավ, խոզերը կոտորվեցին»։
Մշտական կրակոցների վտանգի տակ ապրելը Բարեկամավանի բնակիչների համար արտասովոր չէ, թեև վերջին շրջանում իրենց ուղղությամբ կրակոցներ չեն եղել․
«Արդեն սովորել ենք, որ կրակում են, էլ խուճապի չենք մատվում, մեզ համար սովորական բանա դարձել»,-ասում է Արմենն ու տխրում, որ կրակոցների հետ ապրելն էլ հեշտ չէ, գյուղի տները գրեթե կիսադատարկ են․
«Տուն կա մի մարդա մեջը, տուն կա ծեր մարդ ու կին են, ջահելները հիմնականում դուրս են եկել»։
Արմենի դուստրը՝ Սյուզին, այս տարի Բարեկամավանի դպրոցի միակ շրջանավարտն է եղել։ Դպրոցն ընդամենը 16 աշակերտ ունի։
Տունը, որտեղ Արմենն ապրում է իր ընտանիքի հետ, ուղիղ գծով թշնամու նշանառության տակ է․
«Եթե կրակոց եղավ մենք չենք կարող այստեղ կանգնել, տան պատուհանները հենց դրա համար փակել եմ»։
Արմենի խոսքով՝ գյուղում մոտ 15-16 երիտասարդ են մնացել, իրենք սակայն գյուղը լքել և թշնամուն հանձնել չեն պատրաստվում։