Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Հույս ունեմ, որ ԱԺ-ն կմերժի ՍԴ դատավորի բոլոր երեք թեկնածուներին․ Լուսինե Հակոբյան (տեսանյութ)

«Կառավարությունն առաջին քայլն արեց վստահության արժանի Սահմանադրական դատարան ձևավորելը ձախողելու ուղղությամբ՝ առաջադրելով Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը»։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց «Իրավունքի Եվրոպա» կազմակերպության համանախագահ, իրավապաշտպան, փաստաբան Լուսինե Հակոբյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավորի թափուր տեղերի համար առաջադրված թեկնածուներին։

Հակոբյանը վերապահում ունի նաև նախագահի առաջադրած թեկնածուի՝ Արթուր Վաղարշյանի  վերաբերյալ, հիշեցնում է՝ Հանրապետության նախագահի թեկնածուն մեկ անգամ արդեն չի ընտրվել Ազգային ժողովի կողմից․

«Հետաքրքիր է՝ թեկնածուն ինչո՞ւ է համաձայնել երկրորդ անգամ հանդես գալ, ի՞նչն է մոռացել ասել նախորդ անգամ, կամ այս մեկ տարում ի՞նչ նոր փորձառություն է ձեռք բերել, որը ցանկանում է ներկայացնել»։

Ինչ վերաբերում է Դատավորների ընդհանուր ժողովի կողմից Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի առաջադրմանը, Հակոբյանը հիշեցնում է՝ նրա վերաբերյալ մամուլում խնդրահարույց հրապարակումներ կան, և նշում է, որ դրանց հետքերով պետք է գնալ. բայց միայն սա չէ, որ մտահոգում է իրավապաշտպանին

«Խնդիր եմ տեսնում դատական համակարգի հնաբնակներին Սահմանադրական դատարան բերելու հարցում, նաև խնդրահարույց են այն բացատրությունները, որոնցով դրանք փաթեթավորվում են»։

Հակոբյանը հույս ունի, որ ԱԺ-ն հաշվի կառնի թեկնածուների շուրջ առկա հանրային տրամադրությունները․

«Հույս ունեմ, որ ԱԺ-ն կմերժի բոլոր երեք թեկնածուներին էլ»։

Ինչ վերաբերում է վերջին օրերին Ամուլսարի շահագործման դեմ պայքարող ակտիվիստների նկատմամբ ոստիկանական գործողություններին, իրավապաշտպան ասում է՝ բռնությունը դատապարտում է, բայց ոստիկանության գործողությունները իր համար զարմանալի չեն, որովհետև ոստիկանության խորքային բարեփոխում տեղի չի ունեցել։

Մանրամասները՝ տեսանյութում