Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

«Գլխավոր ճարտարապետի պաշտոնը գործավարի աշխատանք չէ, որ Մեսչյանն ասի՝ գալիս եմ, երկու տարի աշխատեմ ու գնամ». Մկրտիչ Մինասյան (տեսանյութ)

«Ես մի բան էլ չեմ հասկանում, ինչ է նշանակում՝ Մեսչյանն ասել էր՝ ես երկու տարի կաշխատեմ ու կգնամ։ Ոչ մի տեղ քաղաքի գլխավոր ճարտարապետը նման հայտարարություն չի անում։ Սա գործավարի աշխատանք չէ, որ ասի՝ հիմա գալիս եմ, երկու տարի աշխատեմ ու գնամ։ Եվ, եթե ամեն ինչ ընթանա այնպես ինչպես հարկն է, նրան էլ բաց չեն թողնի, ինչքան էլ խոստացած լինեն»,- «Ա1+»-ի հետ հարզացրույցում ասաց ՀՀ ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը։

Նրա խոսքով՝ Մեսչյանին ճանաչում է որպես շատ լավ ճարտարապետ, սկզբունքային, խնդիրներից լավատեղյակ։ 

«Նա արդեն երկրորդ անգամ էր այս պաշտոնում, և կարծում եմ՝ խնդիրը միայն այն չէ, թե հիմա ով կլինի։ Խնդիրը համակարգի մեջ է։ Եթե մամլիչը սկսում է աշխատել, և իներցիայով եկած գործերը չեն վերանայվում, օրենքի ուժով չեն կասեցվում, և հակառակը, ասվում է, որ գումարները ծախսված են, և պարոն ճարտարապետ, խնդրում ենք չխառնվել այս խնդրին, ապա որևէ ճարտարապետ, որևէ բան փոխել չի կարող»,- վստահեցնում է պարոն Մինասյանը և հավելում, որ եթե օրենքով աշխատեինք, անգամ ոչ կատարյալ օրենքները գործարկեինք, ապա նման դեֆորմացիաներ չէին լինի։

Հարցազրույցի ավարտին, պարոն Մինասյանը, խոսքն ուղղելով կառավարությանը, խնդրեց, որ պատահական մի ճարտարապետի չնշանակեն այդ պաշտոնին։

«Խնդրում եմ քաղաքապետարանի որևէ աչքի ընկած մեկին, արագ կողմնորոշվող մի տղայի չդնեն։ Սա ընտրովի պաշտոն է, մրցույթ պետք է հայտարարվի։ Ի վերջո, եթե թանգարանի տնօրենի պաշտոնի համար մրցույթ է հայտարարվում, ապա գլխավոր ճարտարապետի համար առավել ևս պետք է հայտարարվի։ Իսկ եթե գտնում են, որ սա պաշտոն է, որ պետք է ընտրի քաղաքապետը, դրան էլ պատասխան կա։ Ուրեմն բոլոր մեղքերի պատասխանն էլ պետք է վերցնի իր վրա»,- ասաց նա։