Վիրուսի տարածման վիճակը ցանկացած պահի կարող է փոխվել․ Նունե Բակունց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Վիրուսի տարածման կանգնած վիճակը ցանկացած պահի կարող է փոխվել՝ կարող է նվազել, կարող է նաև բարձրանալ։ Բարձրանալուն նպաստելու են պայմանները»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Նունե Բակունցը՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածման տեմպին։
Կառավարության վերջին նիստի ժամանակ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, թե «Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թվի նվազման միտումը կանգ է առել, և որ կտրուկ անկումներ դժվար լինեն»։ Նախարարը նաև կարծիք էր հայտնել, որ դժվար թե ավելի ցածր թվեր լինեն։
Ն․Բակունցի խոսքերով՝ հանրության մեջ որքան ավելանում է շփումը, նույնքան ավելանում է ռիսկը։ «Դրա համար ինչ բացում են, բացում են պահանջներով, նոր պայմաններով՝ դա մարդկանց քանակի սահմանափակումն է, դա պարտադիր անհատական միջոցների կրումն է, սոցիալական հեռավորության պահպանությունն է, ախտահանումն է»,- ասում է նա։
Ն․Բակունցը նաև հավելում է, որ ՀՀ առողջապահական համակարգը պատրաստ է կորոնավիրուսի տարածման բոլոր սցենարներին, բայց բոլոր զարգացումները պայմանավորված են քաղաքացիների անհատական վարքագծով։ «Ավելի խիստ պետք է հետևենք պաշտպանիչ միջոցներին։ Այն, որ տարածումը կայունացել է, յուրաքանչյուրիս աշխատանքն է։ Մենք դա պետք է շարունակենք, և զգոնությունը կորցնել չի կարելի»,- եզրափակում է նա։
Մանրամասները՝ տեսանյութում