Մենք ենք տերը մեր թաղի. բնակիչները փողոց էլ փակեցին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱղբյուր Սերոբ 7 հասցեի բնակիչները առավոտից բակում են. ասում են՝ թույլ չեն տալու հարևանությամբ բարձրահարկ շենքի կառուցումը։ Նրանք ճարահատյալ փողոց են փակում։
Տարածքը, որտեղ ընթանում են շինարարական աշխատանքներ, եղել է մանկապարտեզ։ Բնակիչները ասում են՝ տարածքում կարող են կառուցել մանկապարտեզ կամ դպրոց, բայց ոչ բարձրահարկ շինություն։
«Մանկապարտեզը գործել է, հետո սեփականշնորհում է տեղի ունեցել, տեղյակ չենք եղել։ Ստորագրություն ունենք, փորձել ենք հասկանալ, ոնց են տվել թույլտվությունը։ Մենք կողմ ենք շինարարությանը, բայց տվյալ տարածքի խտացվածության պարագայում բարձրահարկ շենք կառուցել պետք չէ»,-ասում է բնակիչներից Դավիթ Պետրոսյանը։
Քաղաքացիները ասում են՝ բարձրահարկը փակելու է արևի լույսը. վերանալու է տարածքը, որտեղ կարող էին զբոսնել, ավելանալու են խցանումները.
Դավիթ Պետրոսյանի խոսքով իրենք ուզում են հասկանալ՝ ով է տվել շինթույլտվություն։
Մարտ, ապրիլ ամիսներին շենքի 100 բնակիչների անունից դիմումներ և նամակներ են ուղարկվել Երևանի քաղաքապետարան, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանին, Երևանի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանին և ավագանու անդամ Պավել Սարգսյանին։
Ընդամենը միայն մի քանի օր առաջ նոր պատասխան են ստացել, որ տրամադրվել է շինթույլտվություն։
«Չորս ամիս է՝ ոչ ոք չի պատասխանել, այսօր, երբ փողոց փակեցինք՝ տեղեկացրին, որ կմոտենան ներկայացուցիչներ»,- ասում են բնակիչները։
Բողոքող քաղաքացիներին մոտեցավ թաղապետարանի ներկայացուցիչը, ով հորդորեց սպասել՝ քաղաքապետարանի ներկայացուցչին, քանզի շինթույլտվությունը քաղաքապետարանինն է։ Քաղաքապետարանի ներկայացուցիչը Գրիգոր Բաբաջանյանը հավաստիացրեց՝ ամեն ինչ ընթանում է ըստ օրենքի.
«Ես տեղեկություն չունեմ մանկապարտեզ եղել է, թե չէ, մեզ մոտ գործը եկել է 2019 թվականին, որում տարածքը նշվում է որպես սեփական հողամաս։ Ինչ վերաբերում է բողոքներին, թե քաղաքացիների կարծիքը հաշվի չի առնվում, ապա ասեմ՝ հասարակական իրազեկում չի եղել մեր կողմից, քանզի տվյալ օրենքը նման բան չի նախատեսում»։
Բնակիչներին մոտեցավ նաև կառուցապատող սեփականատիրոջ շահերը ներկայացնող փաստաբան Տիգրան Խուրշուդյանը։ Քաղաքացիները հարցրին՝ ինչու մինչև հիմա իրենց բողոքներին որևէ մեկը չի արձագանքել։
«Ես հիմա եմ էստեղ, իմացա, որ հավաքվել եք, եկա պատասխանելու հարցերին։ Եթե թվում է, թե անօրինակակն է, ապա ասեմ, որ այս գոտին խառը կառուցապատման է, նշանակում է կարելի է կառուցել բարձրահարկ կամ առանձնատուն»,- ասաց նա։
Փաստաբանի խոսքով կառուցապատողը որևէ կերպ չի ոտնահարում բնակիչների իրավունքները, նախատեսված է կառուցել զբոսայգի և ավտոկայանատեղի, որոնք նախատեսված են լինելու նաև հարակից շենքի բնակիչների համար։
Բնակիչները սակայն փաստում են՝ իրենց պայքարը ուղղված է արդարության վերականգմանը, իսկ թիրախը երևույթն է, այլ ոչ կառուցապատողը։
Այսօր բնակիչները դադարեցրին ակցիան, բայց պայքարը շարունակում են ։