Արայիկ, հեռացի՛ր. «Կամք» նախաձեռնությունը պահանջում է ԿԳՄՍ նախարարի հրաժարականը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Կամք» նախաձեռնության անդամներն այսօր ավտոերթ էին անում, որը մի ժամով կանգ առավ ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ ։ Նրանք պահանջում էին նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։
«Ձեռքերդ հեռու մեր կրոնից, ձեռքերդ հեռու հայող եկեղեցու պատմությունից, դուք չեք ստեղծել, դա ձերը չէ, դուք իրավունք չունեք կպնելու։ Արայի՛կ հեռացիր»,- վանկարկում էին նրանք նախարարության շենքի դիմաց՝ պահանջելով հրաժարվել հանրակրթության նոր չափորոշիչներից եւ Լազարոտի կոնվենցիայից։
Նախաձեռնության անդամ Վահագն Չախալյանը հայտարարեց, որ իրենց պայքարը որևէ կուսակցության հետ կապված չէ. «Սա ազգային պայքար է, մենք մեր երեխաների համար ենք պայքարում, մենք վարչապետի երեխեքի համար ենք պայքարում, Արայիկը երեխա չունի, ինքը չգիտի դա ինչ ա»,-ասաց նա՝ նկատի ունենալով հանգամանքը, որ նախարարն ամուսնացած չէ։
Նախարարության դիմաց հավաքվածների թիվը չէր հասնում 50-ի։ Նրանց մի մասը առանց դիմակի էր. ոստիկանները նախաձեռնության անդամ Տարոն Դավթյանին ու ևս մի քանի հոգու բերման ենթարկեցին, երբ վերջիններս հրաժարվեցին դիմակ դնել։ Դիմակ չդնելու համար վարչական տույժի ենթարկվեց նաև Վահագն Չախալյանը։
Վերջինս տեղեկացրեց, որ իրենք ետ չեն կանգնելու իրենց պահանջներից եւ այս շաբաթ ամեն օր փոքր խմբերով գալու են նախարարության մոտ, իսկ օգոստոսի 28-ին մեծ ակցիա են նախատեսում։
«Օգոստոսի 28-ին հավաքվելու ենք այստեղ և թույլ չենք տալու, որ պղծեն մեր դպրոցները, կպնեն մեր երեխաներին։ Թույլ չենք տալու մեր երեխեքին այլասերեն, որ մեր երեխաներին պարտադրեն դիմակ»,- հայտարարեց նա։