Քրեակատարողական ծառայողներն իրավասու են օրինական պահանջները չկատարելու դեպքերում գործադրել նաև ֆիզիկական համաչափ ուժ և հատուկ միջոցներ. խոսնակ
Աջակցիր «Ա1+»-ինԱրդարադատության նախարարության խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Ի գիտություն այս հարցով հետաքրքրվողների.
Քրեակատարողական հիմնարկներում, օրենքով սահմանված կարգով, պարբերաբար իրականացվում են չնախատեսված խուզարկություններ՝ խցերում արգելված իրեր և առարկաներ հայտնաբերելու նպատակով:
Ներքին կանոնակարգի պահանջների կոպիտ խախտումները բացառելու նպատակով, ըստ անհրաժեշտության, միջացառումներին ներգրավվում են նաև կենտրոնական մարմնի տարբեր ստորաբաժանումների, այդ թվում՝ հատուկ նշանակության բաժնի ծառայողները:
Պետք է նկատի ունենալ նաև, որ գործող օրենսդրական կարգավորումներով քրեակատարողական ծառայողներն իրավասու են օրինական պահանջները չկատարելու կամ խոչընդոտելու դեպքերում գործադրել նաև ֆիզիկական համաչափ ուժ և հատուկ միջոցներ»:
Նշենք, որ ավելի վաղ Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում էր արել՝ նշելով.
«Քիչ առաջ տեղեկություն ստացա, որ դիմակավորված անձինք ներխուժել են Նուբարաշեն ՔԿՀ-ում պահվող դատապարտյալներից մեկի խուց և ահազանգը փոխանցողի խոսքերով ՙ<սպանում են>: Տվյալ դատապարտյալին վերջերս են Արմավիր ՔԿՀ-ից տեղափոխել Նուբարաշեն: Ըստ ահազանգի, դիմակավորները սպանում են նաև այլ դատա,պարտյալների: Հրավիրում եմ պատկան մարմինների և դիտորդական խմբի ուշադրությունը խնդրին, ինչպես նաև Պաշտպանի գրասենյակի թեժ գծին շտապ միջոցներ ձեռնարկել կամ այցելել: Ասեմ նաև, որ ՔԿՀ-ներում բռնությունների մասին ահազանգերը վերջին շրջանում հաճախակի են դարձել: Պայքարում են քրեական ենթամշակույթի դեմ անմարդկային մեթոդներով»: