«Սասնա ծռեր 2 »-ի գործը կմակագրվի 6-րդ դատավորին
Աջակցիր «Ա1+»-ին«Սասնա ծռեր» 2-ի գործը պետք է քննի 6-րդ դատավորը։ 2019 թ-ից գործը գտնվում էր դատավոր Վարդան Գրիգորյանի վարույթում, բայց նրա լիազորությունները դադարել են 65 տարին լրանալու կապակցությամբ։ Այս ընթացքում, սակայն, դատաքննություն չի իրականացվել։
«Ամեն անգամ մի պատճառ լինում էր հետաձգման համար։ Մեծահասակներ ունեինք, եղել է փաստաբանը կամ թարգմանիչը, դատախազը կամ դատավորը չեն ներկայացել։ Հետո կորոնավիրուսը պատճառ հանդիսացավ՝ դատական նիստերի հետաձգման համար»,- «Ա1+»-ին ասաց «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարդան Գերավետյանը։
Հիշեցնենք, սկզբում «Սասնա ծռեր»-ի 32 անդամների գործը մակագրվել էր դատավոր Արտուշ Գաբրիելյանին։ Որոշ ժամանակ անց դատավորը որոշեց գործերն առանձնացնել, եւ երկու գործերը դարձրեց երեք։
«Սասնա ծռեր»-ի 11 անդամների գործը սկզբում մակագրվեց Արթուր Օհանյանին, սակայն որոշ ժամանակ անց նրա լիազորությունները դադարեցվեցին հիվանդության հիմքով։ Այնուհետեւ գործը մակագրվեց Արշակ Վարդանյանին։
Նա էլ նշանակվեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։ Այնուհետեւ դադարեցվել էին դատավոր Արմեն Խաչատրյանի լիազորությունները։
«Սերժիկ Սարգսյանի ժամանակ խմբերի էին բաժանել։ Հիմա նույն տրամաբանությամբ գնում է առաջ»,- նշում է Վարդան Գերավետյանը եւ կասկած հայտնում, թե դատարաններն ինչպես են առաջնորդվելու։
Հիշեցնենք, որ մյուս գործով դատախազը պահանջել էր ութ ու կես տարուց մինչեւ ցմահ ազատազրկում։ «Եթե առաջին խմբի համար որոշում կայացվեց, չեմ պատկերացնում մյուս դատարանում ոնց կլինի։ Բայց եթե դատարանները տարբեր են, որոշումներն էլ, ըստ տրամաբանության, տարբեր կլինեն»,- ասում է «Սասնա ծռեր» խմբի անդամը։
Ըստ նրա՝ դատավորը եւ դատախազը պատվեր կատարող անձինք են եւ պատահական չի համարում, որ նախկին ռեժիմը նրանց է նշանակել այս գործերը քննելու համար։