Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

50-ից ավելի կազմակերպություններ միացել են Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին. Վահագն Չախալյան (տեսանյութ)

 «Կամք» հասարակական նախաձեռնության անդամները ԿԳՄՍ նախարարության առջև հավաքվել էին  նախարար  Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։

Բացի «Կամք»-ից նախարարի հրաժարականն էին պահանջում «Պահանջատեր դիմորդ» շարժման անդամները, «Սև հովազներ»-ը , բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը, «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը, «Ջերմուկի Համո»-ի ջոկատը, «ՀԱՅ» կուսակցությունը, «Հանուն հայրենիքի» նախաձեռնությունը։

Ակցիայի բոլոր մասնակիցները համոզված են՝ նախարարը ոտնահարում է ազգային բոլոր արժեքները՝ կրոնը, եկեղեցին, լեզուն։

Գրականագետ Սերժ Սրապիոնյանն  ահազանգում է՝ այսպիսի ողբալի վիճակում կրթությունը չի եղել նույնիսկ Եղեռնից հետո.

«Փակում ենք համալսարանը հիմքից՝ հայագիտական ուղղվածության ոլորտը փակելով։ Նախարարը սպորտի ո՞ր ճյուղին է ծանոթ։ Բացի ֆեդերացիայի նախագահին փոխելուց, ուրիշ ի՞նչ է արել։ Միայն նախարարի փոփոխությամբ համակարգը չի փոխվի, սակայն կսկսի ձնհալի շրջան, հաջորդ եկողը նման ռադիկալ քայլերի չի գնա»։

ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը նույնպես միացել էր բողոքողներին.

«Շարունակում են հների նույն քայքայիչ գործողությունները ավելի քայքայիչ մեթոդներով։ Գրագետ մարդիկ պետք է հասկանան, որ հավերժ պաշտոններ չկան։ Նա պարտավոր է  նստել երկխոսության ժողովրդի այն մասի հետ, որը իրենց հետ համաձայն չի»։

Բողոքի ակցիան համակարգող Վահագն Չախալյանը հավաստիացրեց.

«Մեր պայքարը անժամկետ է։ Ավելի կոնկրետ նպատակ ունենք մինչև սեպտեմբերի 15-ը հեռացնել Արայիկ Հարությունյանին։ Մեզանից որևէ մեկը չի երազում լինել Արայիկի տեղում, բայց մեզ արդեն միացել են 50-ից ավել կազմակերպություններ։ Մենք պայքարելու ենք մինչև վերջ»։

Նրանք չմնացին ԿԳՄՍՆ շենքի մոտ. երկու ժամ անց սկսեցին քայլերթ դեպի ԱԺ ու Նախագահի նստավայր։