Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Իմ հրաժարականի հարցը չի քննարկվում․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Իմ հրաժարականի հարցը չի քննարկվում։ ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ա1+»-ի հարցին այսպես պատասխանեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Նախարարը նշեց, որ ըմբռնումով է մոտենում իր հրաժարականը պահաջողների գործողություններին, թեև վստահ է, որ բարեփոխումները նման արձագանք էին ստանալու.

«Երբ 2018 թվականին քննարկում էր գնում այն մասին, թե ինչ բարեփոխումներ են տեղի ունենալու մեր ոլորտում, ես առիթ եմ ունեցել ասելու, որ ոլորտում շատ ցավոտ եւ ծանր բարեփոխումներ են լինելու, որովհետեւ ակնհայտ էր բոլորիս համար, որ կրթական, այդ թվում՝ մշակույթի եւ սպորտի ոլորտում և այն համակարգերում, որոնք գործում են՝ մեծ դժգոհությունների տեղիք են տալիս եւ այդտեղ պետք է բարեփոխումներ տեղի ունենան: Ասել եմ, որ այդ բարեփոխումները վերաբերելու են շատ մեծ թվով շահառուների խմբի, եւ բնականաբար, լինելու են դժգոհություններ»:

Նախարարը հորդորեց ակցիան իրականցնող խմբից հարցնել դժգոհությունների պատճառների մասին, նրա խոսքով, այն խումբը, որ հիմա դժգոհում է՝ «դժգոհում է շատ կոնկրետ պատճառներով»:

Նախարարը պնդեց, որ բողոքող խումբը հանրակրթական չափորոշիչի եւ ծրագրային չափորոշիչներից գաղափար չունի կամ ակնհայտ կեղծում է իրավիճակը.

«Եթե ակնհայտ պնդում են, որ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան դուրս է գալիս՝ նրանք ստում են, երբ ասում են, որ սեպտեմբերից սեռական դաստիարակություն առարկա է մտնում ծրագրերի մեջ՝ նրանք ստում են, երբ ասում են, որ բոլոր չափորոշիչներում սեռական դաստիարակության բաղադրիչ է մտած՝ նրանք ստում են, երբ ասում են՝ հայկական լեռնաշխարհի փոխարեն գրված է Անատոլիա՝ ստում են։ Ստում են այն մարդիկ, որոնք ներգրավված են այս փողոցային պայքարին։ Կոնկրետ՝ նրանց շահերին շատ մեծ վնաս է հասցվել, որովհետեւ նրանց գործունեությունը ոլորտում եղել է արատավոր, եւ բնականաբար պետք է այս աղմուկը բարձրացնեն: Երբ ասում են, որ Խորանացին, Նարեկացին, Սայաթ-Նովան հանում են ծրագրից՝ ստում են»:

Ինչ վերաբերում է դասարաններում երեխաների դիմակ կրելու պահանջին, նախարարն ասաց, որ լսել է ծնողների մտահոգությունները և այդ հարցը քննարկում են։ Նախարարը նաև նշեց որ, հանրության հետ շփումից չի խուսափում՝ երբ կա շփման օրակարգ.

«Ես շաբաթ-կիրակի տրանսպորտով եմ երթևեկում, երեկոները զբոսնում եմ մայրաքաղաքում»,-հավաստիացրեց Արայիկ Հարությունյանը։