Հայաստանի ոստիկանության պատվիրակության այցը Արցախի Հանրապետություն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՕգոստոսի 27-ին, ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ, Արցախ մեկնեց Հայաստանի ոստիկանության պատվիրակությունը։ Նույն օրը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունեց Հայաստանի ոստիկանության պետ Վահե Ղազարյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանը, քննարկվեցին Արցախի և Հայաստանի գործընկեր կառույցների փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Երկուստեք կարևորվեց երկու հայկական հանրապետությունների իրավապահ մարմինների միջև ավելի ակտիվ և համակարգված աշխատանքը, որը դրականորեն կազդի իրենց առջև դրված խնդիրների արդյունավետ լուծման վրա:
Օգոստոսի 28-ին Հայաստանի ոստիկանության պատվիրակությունը այցելեց Արցախի Հանրապետության ոստիկանություն։ Հայկական երկու պետությունների ոստիկանության ղեկավարությունը ծաղիկներ խոնարհեց հայրենիքի անկախության և իրավակարգի պահպանության համար նահատակված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշաքարին։
Այնուհետև Արցախի ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանն ընդունեց Հայաստանի ոստիկանության պատվիրակությանը։ Աշոտ Հակոբջանյանը նշեց, որ Արցախի և Հայաստանի ոստիկանությունների միջև սերտ համագործակցությունը միշտ եղել է արգասաբեր և բարձր մակարդակի վրա, իսկ 2020 թվականի հուլիսի 24-ին ստորագրված հուշագրով այն խոստանում է լինել առավել ամուր, կայուն և արդյունավետ։ Հայաստանի ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վստահեցրեց, որ առկա սերտ համագործակցությունը տեսանելի է և կլինի շարունակական։
Ելույթներին հաջորդեց պարգևատրման արարողություն։
Արցախի Հանրապետության ոստիկանության հետ սերտ համագործակցելու, ոստիկանության առջև դրված խնդիրների իրականացման, օրինականության ամրապնդման գործում զգալի ավանդ ներդնելու համար Արցախի ոստիկանության պետը Վահե Ղազարյանին պարգևատրեց «FABARM» մոդելի ողորկափող որսորդական երկփողանի հրազենով։ Աշոտ Հակոբջանյանի հրամանով « Արցախի Հանրապետության ոստիկանության պատվավոր ծառայող » կրծքանշանով պարգևատրվեցին Հայաստանի ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը։ Հայաստանի ոստիկանության պատվիրակության մյուս անդամները Արցախի ոստիկանության պետի հրամանով պարգևատրվեցին «Համագործակցության ամրապնդման համար» և «Օրենքի պատվար» մեդալներով։