Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

«Տրավիատա»-ի հրավիրատոմսեր չեն բաժանվել անգամ Ազգային ժողովի պատգամավորներին (տեսանյութ)

Գրեթե հինգ ամսվա դադարից հետո Երևանում տեղի կունենա մշակութային իրադարձություն։ Սեպտեմբերի 4-ին, «Երևանյան հեռանկարներ» 21-րդ միջազգային երաժշտական փառատոնի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, ՀՀ Ազգային ժողովի բակում կկայանա Վերդիի «Տրավիատա» օպերայի համերգային կատարումը։

Ընդամենը 250 տոմս 20 հազար դրամ արժողությամբ, որոնք համարյա սպառված են։ Կազմակերպիչների խոսքով, հրավիրատոմսեր չեն բաժանվել անգամ Ազգային ժողովի պատգամավորներին։

«Եթե ցանկանում են, թող տոմս գնեն։ Սա բարեգործական ներկայացում է։ Տոմսերի ողջ հասույթը կտրամադրվի Բեյրութում աղետից տուժած մշակութային կենտրոնների վերականգնմանը»,- ասաց Ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեկամների միության գործադիր տնօրեն Հռիփսիմե Հարությունյանը։

Համերգը ուղիղ կհեռարձակվի Հայաստանի հանրային հեռուստաընկերության ֆեյսբուքյան և յութուբյան հարթակներով, և ինչպես նշեցին կազմակերպիչները՝ յուրաքանչյուրն այսպիսով կարող է լինել այս միջոցառման մասնակիցը։

«Ուղիղ հեռարձակումը, ինչ խոսք լավ է, սակայն պետք է այս ներկայացումը լայն հանրության համար անպայման կրկնենք դահլիճում, հենց որ թույլտվությունը լինի»,- ասաց  Հայաստանի պետական կամերային երգչախմբի գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը։

Թե Էդուարդ Թոփչյանը, թե պարոն Մլքեյանը և թե սոլիստներ՝ Լիաննա Ալեքսանյանը, Լիպարիտ Ավետիսյանը և Իլյա Սիլչուկովը, ով ի դեպ Բելառուսից է եկել հատուկ այս ներկայացման համար, նշեցին, որ թերևս ամենակարևոր պարագաներից է մթնոլորտը, իսկ այն ֆանտաստիկ է, քանի որ հիանալի կազմ է ընտրված։

«Հիանալի երաժիշտ լինելուց բացի, հիանալի ընկերներ ենք», - ասաց պարոն Թոփչյանը։

Նրա խոսքով, բացօթյա ներկայացումն իրենց համար նոր ձևաչափ է, սակայն, կարծում է, որ շատ չպետք է տարբերվի համերգասրահից, միայն թե ձայները ճիշտ հնչեն։