Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց

Արայիկ Հարությունյանը փորձում է թելել Ռուսաստանի ասեղը. Արա Պապյան (տեսանյութ)

«1991 թվականի սեպտեմբերի 2-ին ընդունված փաստաթղթում անկախություն բառը չկա, դա պարզապես տակտիկական քայլ էր այդ ժամանակվա համար, քանի որ շատերը կարծում էին, որ այդ ձևով ավելի հեշտ կլինի Արցախի հարցը լուծել, բայց անցած տարիները ցույց տվեցին, որ այդ ճանապարհը արդյունք չի տվել և ավելի խորացրել է Հայաստանի և Արցախի միջև վիհը»,-այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշեց «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը՝ հավելելով, որ եթե մեր նպատակն է ստեղծել միասնական պետություն, դա պետք է անել հնարավորինս արագ։

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, Պապյանը համոզված է՝ Արցախի հարցը բանակցային ճանապարհով լուծում չունի, ըստ նրա՝ սա ապացուցել է անցնող 30 տարիներին Ադրբեջանի վարած քաղաքականությունը․

«Իմ դիրքորոշումն այն է, որ Արցախը Հայաստան է, բայց ոչ այն պատճառով, որ Արցախը ուզում է, այլ որովհետև Ազգերի լիգայի խորհրդի կողմից ստեղծված հատուկ կոմիտեն է որոշել որ Արցախը Հայաստանի մաս է, դրա վերաբերյալ կա զեկույց –առաջարկ, ուրիշ բան է, որ  դա չի իրագործվել, եղել է Սովետական և թուրքական օկուպացիա, հիմա օկուպացիայի պայմաններում մենք պիտի վերադառնանք այդ սկզբունքին»,-նշեց Պապյանը։

Այսօր նաև լրանում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման հարյուր օրը։ Անդրադառնալով սրա վերաբերյալ մեր հարցադրմանը՝ Պապյանը նախ նշեց՝ չի ընդունում Արցախի Հանրապետության նախագահ պաշտոնը, քանի որ Արցախը Հայաստանի մաս է, այնուամենայնիվ՝ բանախոսը Հարությունյանի գործունեությունը դրական չգնահատեց․

«Նա փչացրեց Ղարաբաղի ընդդիմադիր դաշտը, բոլորին պաշտոններով առավ, ցավոք սրտի, այնտեղի ընդդիմությունն էլ ջանասիրաբար և սիրահոժար ծախվեց, բայց նաև կարևորն այն է, որ ակնհայտորեն զգացվում է, որ Արայիկ Հարությունյանը, ժողովրդի լեզվով ասած, փորձում է թելել Ռուսաստանի ասեղը։ Վերջին հայտարարությունները ռուսերենի դասաժամերի և կիրառության մասին դրան էին ուղղված, որովհետև որևէ մեկը դեմ չէ լեզուների ուսուցմանը, բայց դա կարելի է անել անաղմուկ, այս ամբողջը ուղերձ էր Մոսկվային, որ մենք խաղում ենք ձեր խաղը և սրանով հարվածի տակ դրեց Երևանին՝ փորձելով սիրաշահել Մոսկվային»։

Պապյանն անդրադարձավ նաև Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հայտարարությանը, թե կան փաստաթղթեր, որ նախկին իշխանությունները բանակցել են ընդհուպ տարածքներ հանձնելու վերաբերյալ։

Նշեց՝ խոսքը Մադրիդյան սկզբունքների մասին է, որը քննարկվում է 2007 թվականից և նախատեսում է տարածքների փուլային հանձնում։

«Ցավոք սրտի, հայկական կողմը առ այսօր դրանից չի հրաժարվել և որևէ այլ հիմք չի առաջարկել»։