Այգեձոր համայնքի առողջության կենտրոնը կհիմնանորոգվի, կկառուցվի նոր հարկաբաժին
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Տավուշի մարզկենտրոն Իջևանում Stone Development ընկերության գլխավոր տնօրեն Ակիմ Պողոսյանը և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որով ազդարարվեց «Այգեձոր» առողջության կենտրոնի հիմնանորոգման և նոր հարկաբաժնի կառուցման աշխատանքների մեկնարկը։ Այդ մասին տեղեկանում ենք Տավուշի մարզպետարանից:
Առողջության կենտրոնը ռազմավարական նշանակություն կունենա տարածաշրջանի համար և կսպասարկի Տավուշի սահմանապահ 4 համայնքների բնակիչներին։
Առողջության կենտրոնի հիմնանորոգումը հնարավորություն կտա սահմանապահ համայնքներում բժշկական օգնության որակը բարձրացնել նոր մակարդակի, անհրաժեշտության դեպքում բնակիչներին տրամադրել անհապաղ բուժօգնություն։
Կենտրոնի հիմնանորոգումը, որը կատարվելու է ներդրումային միջոցներով, կնպաստի համայնքային կյանքի և միջավայրի զարգացմանը։
«Այգեձոր» առողջության կենտրոնի շենքը համապատասխանելու է առողջապահական և ճարտարապետական ժամանակակից չափորոշիչներին։ Նախատեսվում է հիմնանորոգումն ու նոր հարկաբաժնի կառուցումն ավարտին հասցնել 2021 թ. երկրորդ եռամսյակում։