Առանց չափելու` կտրելու էին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայ-թուրքական սահմանի բացման նպատակահարմարության մասին ամբողջական ուսումնասիրություն չի արվել: Եթե հայ-թուրքական արձանագրությունները չսառեցվեին, ապա ԱԺ-ն պետք է քվեարկեր մոտավորապես: Ընդհանրապես` երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման որոշումը կայացվել է առանց տնտեսագիտական ուսումնասիրության:
«Ամբողջական ուսումնասիրություններ մենք չհասցրեցինք իրականացնել»,-«Ա1+»-ին ասաց ԲՀԿ պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Նա թերեւս միակ ամբողջական, ֆունդամենտալ հետազոտությունը համարում է ՀՅԴ-ի ուսումնասիրությունը, որով նրանք ներկայացրին, թե սահմանի բացման պարագայում ինչպիսի օրենսդրական փոփոխություններ պետք է արվեն: Ըստ ՀՅԴ ուսումնասիրության` սահմանի բացմամբ առաջ է գալիս 55 մարտահրավեր, որոնց չդիմակայելու եւ միջոցներ չձեռնարկելու դեպքում սահմանի բացումը աննպատակահարմար է, եւ ոչ շահավետ:
«Հայ-թուրքական սահմանի բացումն այնքան ակնհայտ դրական բան է, որ մոտ 30 տոկոս տրանսպորտային ծախսեր կտնտեսենք, որը կարող ենք ուղղել այլ ծախսերի»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Բոստանջյանը: Երբ հարցրինք, թե ինչ հետազոտության հիման վրա է «30 տոկոս» թիվը նշում, պարոն Բոստանջյանն ասաց` «մոտավոր հաշվարկներով»:
Բոստանջյանը տեղեկացրեց, որ ուսումնասիրություններ այժմ ընթանում են,եւ, ըստ նրա, մինչեւ գործը հասնի արձանագրությունների քննարկմանը խորհրդարանում «մենք մեր ձեռքի տակ կունենանք ամբողջական, ամփոփ ուսումնասիրություն»:
Այսինքն, մեկ ամբողջ տարին բավարար չէ՞ր ուսումնասիրությունների համար.
«Այս ուղղությամբ աշխատանքները տարվում են»,-պատասխանեց պարոն Բոստանջյանը, ով կարծում է,որ ուսումնասիրությունը պատրաստ կլինի երեք ամսից:
Իսկ եթե չկա ուսումնասիրություն, Անվտանգության խորհուրդն ի՞նչ հիմքով է տվել դրական եզրակացություն արձանագրությունների ստորագրմանը:
Վարդան Բոստանջյանն ասաց. «Բոլոր ժողովրդավար, հզոր, ուժեղ պետությունների կողմից սահմանի բացման հետ կապված նախաձեռնությունը չարժանացավ նախատինքի, դա բացատրվում է նրանով, որ մենք շատ զգոն եւ համամարդկային արժեքների տեսակետից շատ ճիշտ տարանք այս քաղաքականությունը: Իսկ դրական եզրակացությունը տրվել է հետագա գործընթացները շարունակելու պարագայում»:
Հիշեցնենք, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցված է, բայց արձանագրությունները մնում են ԱԺ մեծ օրակարգում եւ ցանկացած պահի կարող են «ակտիվացվել»: