Բացել լրահոսը Փակել լրահոսը
uiOzaBi5taTE7Gu9
A A
Տեսանյութեր Մարզեր Հասարակություն

Փափուկ կավից ամրացող հարաբերություններ. Սահմանամերձ Տավուշը` երիտասարդ զույգի երազանք (տեսանյութ)

Փափուկ կավը ամրանում է՝ դառնալով զարդ, բաժակ, թաս։ «Սաղմոս» կավագործության արվեստանոցը ստեղծվել է  Քովիդ 19-ով պայմանավորված կարանտինի առաջին ամիսներին։ Մասիսի Դաշտավան գյուղում այն հիմնադրել են Անի Սահակյանը և Անդրանիկ Մանուկյանը։

Երկուսն էլ մանկավարժ են, ծանոթացել են  « Դասավանդիր Հայաստան» ծրագրի շրջանակներում,  որոշել են դառնալ կյանքի ընկերներ։ Կավն ավելի ամրացնում է նրանց կապը, արվեստանոցն էլ անվանել են «Սաղմոս»՝  հոգեւորին ավելի մոտ լինելու համար։ Աշխատանքի ժամին էլ  միշտ  Սաղմոսների ձայնագրություններ են միացված։

Սկզբում Անդրանիկն ու Անին մտածել են, որ ամռանը զբոսաշրջիկներ կգան ու վաճառքն ավելի շատ կլինի, սակայն համավարակը նրանց ստիպել է այլ տարբերակ մտածել. այժմ վաճառքն իրականացնում են առցանց տարբերակով։  Դժգոհ չեն։

Անդրանիկի խոսքով՝ զարդերի գները մի փոքր բարձր են շուկայականից, քանի որ իրենք ստեղծում են տարբերվող իրեր։

Երիտասարդ զույգը որոշել է դառնալ այն օրինակներից մեկը, որը ցույց կտա, որ մեր երկրում հնարավոր է աշխատել։

Նրանք որոշել են ամուսնանալ ու տեղափոխվել Տավուշ, ապրել ու աշխատել այնտեղ։ Ուզում են Տավուշում  դպրոց-արվեստանոց  հիմնել, որ անվճար կլինի պատանիների համար։ Նախատեսում եմ կառուցել տուն-արվեստանոց Իջևան քաղաքում, որտեղ ավագ դպրոցականները կստանան ոչ միայն կավագործության, այլև բիզնես ոլորտի գիտելիքներ և հմտություններ։ ։

Անդրանիկն ու Անին ունեն մեկ նպատակ.  սահմանամերձ գյուղերի երեխաներին տալ այնպիսի կրթություն ու աշխատանքի հնարավորություն, որ նրանք հասկանան, որ կարող են աշխատել ու ապրել իրենց գյուղերում։