Ամերիկահայ շախմատիստ Սամուել Սևյանը 2-րդ տեղն է զբաղեցրել առցանց խոշոր մրցաշարում
Աջակցիր «Ա1+»-ինԱմերիկահայ շախմատիստ Սամուել Սևյանը հաջող է հանդես եկել ամեն երեքշաբթի առցանց անցկացվող կայծակնային շախմատի Speed Chess Championship մրցաշարում։
20-ամյա գրոսմայստերը նախ երկրորդ տեղն է գրավել խմբային փուլում՝ 10 հնարավորից վաստակելով 8,5 միավոր։ Այնուհետև մեր հայրենակիցը հաղթանակ է տարել 1/4 և 1/2 եզրափակիչ փուլերում՝ պարտության մատնելով համապատասխանաբար ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմյևին (1,5։0,5) ու ուզբեկստանցի Նոդրիբեկ Աբդուսատորովին (2։0)։
Եզրափակիչում Սամուել Սևյանն հանդիպել է իր համերկրացի Հիկարու Նակամուրայի հետ։ Փորձառու շախմատիստն առավելության է հասել 1,5։0,5 հաշվով և երկրորդ անգամ անընդմեջ հաղթել է սույն մրցաշարում։
Կայացած 14 մրցաշարերի ընդհանուր հաշվարկով առաջին տեղը զբաղեցնում է հենց Հիկարու Նակամուրան։ Նրան հաջորդում են իրանցի Փարհամ Մաղսուդլուն, Հայաստանը ներկայացնող Հայկ Մարտիրոսյանը և Վլադիսլավ Արտեմյևը, որոնք պայքարում են եզրափակիչ փուլի չորս ուղեգրերի համար։