Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Լիդիան»-ն ի դեմս մեզ՝ տեսնում է հակառակորդի և փորձում է մեզ նույնպես թիրախավորել․ Գորգիսյան (տեսանյութ)

«Մենք վերջապես բացահայտեցինք «Լիդիան»-ի դեմքը, սակայն դա այն չէր, ինչ մենք կուզենայինք տեսնել, պարզվեց՝ մենք գործ ունենք տարրական մանիպուլյատոր, սուտասանների հետ»,-այսօր Ազգային ժողովում «Ա1+»-ի հետ զրույցում նման պնդում արեց ԱԺ ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով Ամուլսարում Ամուլսարի պահապանների և «Լիդիան»-ի պահանորդական խմբի մեջ տեղի ունեցած վերջին միջադեպին։

«Լիդիան Արմենիա»-ն հայտարարել էր, նաև, թե պատգամավորներից ոմանք արդեն երկու տարի հրապարակային խրախուսում են ապօրինությունը` դրանով անպատժելիության անուղղակի խոստում տալով հանցավոր խմբավորման անդամներին։

«Նրանք գիտեն՝ մենք ինչու էինք այցելել այդտեղ, մենք տղաներին տեսել ենք, նրանց որպիսությունն ենք հարցրել, նաև մեր շնորհակալությունն ենք հայտնել, որ այսքան ժամանակ անձնուրաց այդտեղ պայքարում են՝ թույլ չտալով, որ հանքը շահագործվի»,-նշեց Գորգիսյանը՝ հավելելով, որ Ամուլսարի պահապանները սադրանքի գնալ չէին կարող, որովհետև գիտեն, որ ցանկացած սադրանք կարող է աշխատել ի վնաս իրենց․

«Նրանք պնդում են, որ ոգելից չեն օգտագործում, տեղում եղել են նաև ոստիկաններ, հիմա շատ կարևոր է ոստիկանության արձագանքը, որովհետև տղաները պնդում են, որ պահնորդական ընկերությունը ծեծել է ոչ միայն իրենց, այլ նաև ոստիկաններին, ովքեր փորձել են պաշտպանել տղաներին, որովհետև մի քանի տասնյակ մարդիկ հարձակվել են 3 հոգու վրա, նրանց տարել ներս, ծեծել, որպեսզի հետո դա ներկայացնեն որպես հարձակում «Լիդիան»-ի վրա»։

Մեր դիտարկմանը թե ԼՀԿ պատգամավորներին առնչվող «Լիդիան»-ի հայտարարութան վերաբերյալ արդյո՞ք պատրաստվում են որոշակի քայլեր կատարել , Գորգիսյանն արձագանքեց, թե միանշանակ իրենց զրպարտել են, այժմ քննարկում են՝ իրավական ճանապարհով գնան, թե ոչ․

««Լիդիան»-ը ի դեմս մեզ՝ տեսնում է հակառակորդի և փորձում է մեզ նույնպես թիրախավորել։ Եթե կար ՀՀ-ում քաղաքացի, ով հավատում  էր, որ «Լիդիանը» կարող է լինել պատասխանատու հանք շահագործող, հիմա բոլորը տեսնում են,  որ դա ընդամենը սուտասանների խումբ է և նրանք չեն կարող լինել պատասխանատու հանք շահագործող»։