Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Ամատունի Վիրաբյանը պնդում է՝ աշխատանքից ազատվել է Արդարադատության նախարարի անհիմն հրամանով (տեսանյութ)

Քանի դեռ ՀՀ ազգային արխիվը չունի տնօրեն, օրական 200 մարդ չի կարողանա իր կենսաթոշակը ձևակերպել, քանի որ Ամատունի Վիրաբյանը, չնայած այսօրվանից չի պաշտոնավարելու, կնիքը չի կարող վստահել որևէ մեկին, որովհետեւ հանձնում-ընդունում դեռ չի կատարել: «Երեկ կատարածուները եկել էին կնիքը վերցնելու, ասացի որ հրաժարվում եմ տալ, քանի դեռ ակտը ստորագրած չէ, քանի որ ես էլ ձեզ չեմ հավատում»

Ինչու, ի վերջո, Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանին ազատեցին պաշտոնից, եթե նրան մնացել էր պաշտոնավարել երկու ամիս և քսան օր, այն էլ մի հոդվածով, որն, իր խոսքով, անհիմն էր: «Ես հարկեր վճարելուց չեմ խուսափել, - ասաց պարոն Վիրաբյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ,- օրենքով նախատեսվել է հարկ, որի համար, սակայն կառավարությունը գումար չի հատկացրել: Եթե հարկը վճարեինք, ուրեմն աշխատավարձ չէինք վճարի: Չեն տվել, չենք վճարել: Այն պահից, երբ գումարը հատկացվեց սկսել ենք վճարել»

Արխիվի գլխավոր հաշվապահի խոսքով, 742 մլն դրամից 721մլն ավելացրած հարկի արժեքն է: Հիմա մնացել է 21մլն դրամը որպես շահութահարկ վճարել: 

«Երեք տարի յոթ ամսվա ընթացքում մեր հաշվապահական սխալը, խախտումը կազմել է 186 000 դրամ»,- ասաց նա: 

2018 թվականի կեսերին արխիվը գտնվում էր տարածքայինի կազմում, և մեկ տարի է, որ Արդարադատության նախարարության կազմում է:

«Ինչու են հիմա որոշել քննել երկու տարվա վաղեմության խնդիրը, խոսել ամպագորգոռ հարկերի մասին»,- տարակուսում է պարոն Վիրաբյանը:

«Նման խնդիր տարբեր այլ տասնհիգ ՊՈԱԿ-ներն էլ են ունեցել, որոնց թվում նաև Մատենադարանը», ինչու այդ դեպքում միայն իրենց են պատասխանատվության կանչում, նշում է նա:

Ամատունի Վիրաբյանի փաստաբան Տիգրան Գրիգորյանի մոտ այն տպավորությունն է, որ Արդարադատության նախարարը կամ լավ չի ուսումնասիրել այս գործը, կամ նրան սխալ են զեկուցել: 

Դեռ մեկ ամիս առաջ են պարոն Ամատունուն «ընկերական» խորհուրդ տվել աշխատանքից ազատվելու դիմում գրել, սակայն չի համաձայնվել: «Դիմում չեմ գրել, որովհետև կստացվեր, որ ես ինչ-որ խնդիրներ ունեմ»:

Հարցին, թե որոշումն արդյո՞ք անձի դեմ էր, պատասխանեց, որ ենթադրում է, որ այո, սակայն պնդել չի կարող: 

«Կարդացեք Տեր Ասողիկ քահանա Կարապետյանի՝ իմ մասին գրված կարճ նախադասությունը, որը բնութագրում է ինձ որպես Ազգային արխիվի տնօրեն», -խորհուրդ տվեց պարոն Վիրաբյանը:

«Այո, ես սկզբունքորեն դեմ եմ այն նոր հայեցակարգին, որով նախատեսվում է դասավանդել պատմություն, գրականություն, հայոց լեզու: Աշխարհի հետ համաքայլ պետք է գնանք, բայց դա չի նշանակում , որ սա պետք է լինի ազգային արժեքներից  հրաժարվելու հիմքերով: Չի կարելի ֆիդայի, կամավոր բառերը հանել պատմության դասագրքից, կամ ազգային ազատագրական երգերը ինչպես կարելի է մոռանալ»

Կոլեկտիվը կանգնած է նրա կողքին, աշխատակիցները ցանկացել են գործադուլ հայտարարել, սակայն պարոն Վիրաբյանի խոսքով՝ ինքը զսպել է, քանի որ թանգարանը կարող է չաշխատել, սակայն արխիվը չի կարող: 

Ամատունի Վիրաբյանը փաստաբանի հետ այժմ փաստաթղթերն են հավաքում՝ դատարան դիմելու համար: