Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրը խմելու ջուր կունենա

Վերիշենի խմելու ջրի հարցը համայնքի ամենահրատապ լուծում պահանջող խնդիրներից մեկն էր: Բնակավայրի ծորակներից հոսող ջրի որակը ռիսկային է բնակչության առողջության ու տարատեսակ հիվանդությունների բռնկումների համար, ուստի գործադրվել են հնարավոր ջանքեր՝ խնդրի լուծման ուղղությամբ։

Պետություն-համայնք համագործակցության արդյունքում, սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկել են ջրահավաքների և սնուցող ջրագծի կառուցման աշխատանքները։ Կկառուցվեն ջրահավաք 4 կապտաժներ։ Անց է կացվելու 5500 գծմ ջրագիծ։ Կատարվող աշխատանքների արդյունքում բնական աղբյուրներից բնակավայր մղվող ջրի քանակը կավելանա, կենսական նշանակության խնդրի լուծման, ջրօգտագործման հարցը կկարգավորվի ։Շինաշխատանքներն իրականացնոււմ է Անապակ-2 ԱԿ-ն:

«Թեև տարվա ընթացքում բազմաթիվ  զբոսաշրջիկներ են գալիս Վերիշեն բնակավայր, սակայն ջրի պատճառով՝ ենթակառուցվածքները չեն զարգանում։ Բնակավայրում զբոսաշրջության ոլորտը սպասարկող ծառայությունները թույլ են զարգացած, մինչդեռ Գորիս եկող զբոսաշրջիկների հսկայական հոսքը նաև դեպի Վերիշեն  բնակավայր է։ Ուստի խմելու ջրի հարցի լուծման արդյունքում, բնակավայրում տնտեսական աշխուժություն կլինի»,-նշել է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։

Վերիշենում  հիմնանորոգվում են նաև բնակավայրի մշակույթի տան հարակից տարածքները, մշակույթի տանը ստեղծվում է արվեստների կենտրոն: Մշակույթի տան հարակից տարածքում է գտնվում 4-րդ դարի եկեղեցի՝ կառուցված հեթանոսական տաճարի վրա և այլ արժեքավոր մշակութային ժառանգություններ, որոնք բազմաթիվ զբոսաշրջիկներ են բերում բնակավայր։