Ես ոչ մեկին չեմ պատրաստվում խեղդել, Աստծու սիրուն․ Արարատ Միրզոյանը՝ Անի Սամսոնյանին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ այսօրվա նիստի մեկնարկին օրինագծերի քվերակության ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հայտարարեց, որ ցանկացել է պաստառով ներս մտնել, սակայն իրեն թույլ չեն տվել։ Նա ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին հիշեցրեց՝ «Ելք» խմբակցության պատգամավոր եղած ժամանակ ԱԺ է բերել հրավառ նյութեր և իրականացրել ակցիա։ Սամսոնյանը խնդրեց բացատրել, թե ինչո՞վ կարող է խանգարել իր պաստառը, որը չեն թույլատրում այդ պահին մտցնել նիստերի դահլիճ:
Անի Սամսոնյանը ԱԺ նախագահին խնդրեց հրահանգել աշխատակազմին, որպեսզի թույլ տան՝ այդ պաստառը մտցնի դահլիճ․
«Հակառակ դեպքում ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Դուք փորձում եք այստեղ բոլոր ձևերով խեղդեք մեր բոլոր ակցիաները»,- հայտարարեց պատգամավորը:
Ի պատասխան՝ Արարատ Միրզոյանն արձագանքեց․
«Հարգելի տիկին Սամսոնյան, ես ոչ մեկին չեմ պատրաստվում խեղդել, Աստծու սիրուն: Ի՞նչ ակցիա ուզում եք, արեք, ես չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը: Ինչ վերաբերում է իմ՝ հրավառ նյութեր ներս բերելու դեպքին, անկեղծ ասած, մենք հեղափոխություն էինք անում, և այդպես ստացվեց»: Արարատ Միրզոյանը խոստացավ ծանոթանալ իրավիճակին։