Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վստահ եմ՝ Ծառուկյանի էջում հայտնված գրառումը վերաբերում է Գևորգ Պետրոսյանին. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

«Ես վստահ եմ՝ պարոն Ծառուկյանի էջում հայտնված գրառումը վերաբերում է Գևորգ Պետրոսյանին, ում հետ կապված տարբեր տեղեկություններ են պտտվում, որ առողջական խնդիրներ է ունեցել, երբ զբաղեցրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի այն գրառմանը, թե պետք է ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունեն զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ:

Սիմոնյանը պնդում է՝ հակառակ դեպքում Ծառուկյանը համարձակություն կունենար կոնկրետ անուն նշելու: ԱԺ փոխխոսնակը կասկած հայտնեց, որ էջը, որով տարածվել է Ծառուկյանի գրառումը, պատկանում է Գագիկ Ծառուկյանին: Ինչ վերաբերում է հարցադրմանը, թե իշխող ուժը ԲՀԿ-ի հետ հուշագիր ստորագրելուց առաջ նման հարցերի վերաբերյալ մտահոգություն չի՞ ունեցել, Սիմոնյանն արձագանքեց, թե տեղի է ունեցել հեղափոխություն, և բոլորը ունեցել են հնարավորություն նոր, մաքուր էջից սկսելու.

«Բոլորը ունեցել են հնարավորություն իմանալ իրենց յորղանի չափը: Ես կարծում եմ՝ կոնկրետ պատգամավորներ կան, և կոնկրետ աշխատելաոճ կա, որը մնացել է անցյալում, նրանք գնալու են անցյալ: Ժամանակի խնդիր է, հեղափոխությունը տարբեր փուլեր ունի, և մենք հերթով պետք է այդ փուլերն անցնենք, որպեսզի վերջնականապես ազատվենք այն բարքերից, այն լկտիությունից, որը ժամանակին պատգամավորները իրենց թույլ էին տալիս»:

Ինչ վերաբերում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, Սիմոնյանն ասում է, թե Հարությունյանը որևէ մեկին չի վիրավորել.

«Օրինակ է բերվել, և իրենք գտել են այդ հերոսի անվանումը , սկսել են պաշտպանել, բերվել է Կոտայքի մարզի օրինակը, և նմանատիպ մի դեպք է մեջբերվել: ԲՀԿ-ն որոշեց, որ դա վերաբերում էր իրեն»:

«Ա1+»-ի դիտարկմանը, թե վարչապետի գրառումը և՞ս հասցեական չէր, Սիմոնյանն արձագանքեց, թե վարչապետի գրառումը պոստ ֆակտում էր: