Ծառուկյանի գրառման մեջ ով պետք է իրեն գտներ, հաստատ գտել է. Իվետա Տոնոյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյն, որ պարոն Ալեն Սիմոյանը բավականին վառ երեւակայություն ունի, որեւէ մեկը կասկածի տակ չի առնում, բայց ես կարծում եմ, որ Գագիկ Ծառուկյանի գրառման մեջ ով որ պետք է, որ իրեն տեսներ, վստահաբար տեսել է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակի հայտարարությանը, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառումը վերաբերում էր ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին:
Ճշտող հարցին, թե գրառումը Նիկոլ Փաշինյանին էր ուղղված, Տոնոյանը կրկնեց, որ ով որ պետք է իրեն տեսներ, տեսել է. «Մենք իսկապես պատրաստվում ենք Սահմանադրությամբ ամրագրել այդ հանգամանքը, որ հոգեկան խնդիրներ ունեցող անձինք բարձրաստիճան քաղաքական պաշտոններ չպետք է զբաղեցնեն: Թե ով է այս հայտարարության մեջ տեսնում իրեն, բացառապես իր խնդիրն է: Մենք մեր փորձագետների հետ արդեն աշխատում ենք այդ ուղղությամբ»:
Դիտարկմանը, թե Ալեն Սիմոնյանն ասում է՝ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը կոնկրետ հասցեատեր չի ունեցել, Տոնոյանն արձագանքեց, թե Սիմոնյանին խորհուրդ է տալիս ևս մեկ անգամ լսել Հարությունյանի եզրափակիչ ելույթը և հասկանալ՝ ինչի մասին է խոսքը: Տոնոյանը պնդում է՝ իր ելույթի ընթացքում Հարությունյանը մի քանի անգամ բացարձակ ապատեղեկատվություն է հաղորոդել իրենց վերաբերյալ՝ անցնելով բարեկրթության սահմանները:
ԲՀԿ պատգամավորը հավելեց նաև, որ իրեց փորձագետները աշխատում են իրավական գործընթաց սկսելու հնարավորությունների վրա.
«Ես հասկանում եմ՝ իշխանությունները որդեգրել են անհասցե մեղադրանքներով համեմված գործելաոճ, բայց այն ժամանակ, երբ կունենան «դուխ»՝ անվանական ինչ-որ բան ասելու, կստանան նաև պատասխան»:
«Ա1+»-ը ԲՀԿ պատգամավորից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է գնահատում ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հայտարարությունները, գրառումները, քանի որ իշխանությունն էլ իր հերթին այս առումով վերապահումներ ունի.
«Անկախ անձերից՝ ինձ համար քաղաքականության մեջ բարեկրթությունն է դիտարկվում առաջնահերթություն, եթե պարոն Պետրոսյանի առանձին գրառումների կամ մտքերի հետ կապված իշխանություններն ունեն վերապահումներ, իրենց իրավունքն է այդ մասին խոսելու»:
ԲՀԿ պատգամավորը հավելեց նաև, որ կառավարության 100 տոկոսի հրաժարականի պահանջը շարունակում է մնալ իրենց օրակարգում:
Հիշեցնենք՝ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Կարծում եմ ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»:
Դրանից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույն հարթակում գրել էր, որ դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ. «Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների եւ ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն: Աջակցել, միանշանակ աջակցել»: