Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Սաքունցները Գինեսի ռեկորդ սահմանեցին (տեսանյութ)

Ձեռքերի վրա քայլելով, բերանում պահելով պարանը՝  24-ամյա  Յուրի Սաքունցը սահմանում է  նմանը չունեցող ռեկորդ։ Նա 4,5 տոննա մեքենան ատամներով տեղաշարժում է  3 մետր։ Նրանից հետ չի մնում  18-ամյա եղբայրը․   Արթուր Սաքունցը ատամներով 10 մ քաշում է 14.5 տոննա կշռող մեքենաները, բարելավելով իր իսկ ռեկորդը, որը սահմանել էր սեպտեմբերի 2-ին՝ Արցախում քաշելով 12 տոննան՝ 11 մետր։

Սա նրա 4-րդ ռեկորդն  է ․ մինչ այս տարվա ռեկորդները՝ նա 2 մատով քաշել է 61 տոննա քաշ ունեցող գնացքը և մեկ ձեռքով՝ 122 տոննա քաշ ունեցող մեքենան։

Յուրի Սաքունցն ուժային եռամարտիկ է, զբաղվում է մասռեսլինգ սպորտաձևով, ուժային եռամարտի աշխարհի կրկնակի և եվրոպայի չեմպիոն է։ Նրա եղբայրը՝  Արթուրը սամբոյի աշխարհի բրոնզեմեդալակիր է ու միջազգային խաղերի հաղթող։ Մարզիկ եղբայրների մարզիչը հայրն է, ով նաև նրանց աջակցում է կազմակերպել այս ամենը։  

 « Պետական որևէ աջակցություն չենք ստացել, նախարարություն անձամբ եմ դիմել, ասում են անցկացրեք «Միկա» մարզադաշտում, օգնել չենք կարող։ Մենք փող չենք ուզում, բայց կարող էին գալ, ներկա գտնվել, ոգևորել, ինչպես արեցին Արցախում՝ մեզ պահելով ուշադրության կենտրոնում»,- պատմում է Յուրի Սաքունցը։

Տղաների խոսքով՝ իրենք պատրաստվում են այսօրվա տեսագրություններն ուղարկել աշխարհի բոլոր ռեկորդների ռեգիստրեր, որպեսզի գրանցեն ռեկորդը։

Բայց այսօր արդեն նրանց պարգեւատրում  էր սպասվում։

«Ֆիդայիներ» կազմակերպության նախագահ Սեյրան Չիլինգարյանը տղաներին հանձնեց «Աղբյուր Սերոբ» և «Գևորգ Չաուշ» ֆիդայական մեդալներ՝ խիզախության համար։

Նրանք  պատվոգրեր  ստացան   նաև «Ազատամարտիկ ռազմահայրենասիրական» կազմակերպության կողմից։

 Տղաներն ասում են՝ այսքանով չեն սահմանափակելու․  Յուրին նպատակ ունի ձեռքերի վրա, ատամներով քաշել 8- 10 տոննա կշռող բեռնատար մեքենաներ՝ արդեն նաև Հայաստանի սահմաններից այն կողմ։  Արթուրը պատրաստվում է մի քանի ամսից ծառայել բանակում։

Իսկ այսօրվա իրենց ռեկորդները նրանք նվիրեցին ՀՀ անկախության տոնին։