Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նախկին հանցագործները իսկական պատերազմ են հայտարարել ժողովրդավարությանը. Բաբաջանյան (տեսանյութ)

«Մեր նախաձեռնությունը ծնվել է Հայաստանի համար դրամատիկ պատմական ժամանակաշրջանում»։ Այս մասին հայտարարեց «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքի հիմնադիր անդամ, ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ կուսակցության հիմնադիր համագումարում։

Բաբաջանյանը հավելեց' հեղափոխությունը ստեղծել է բոլոր հիմքերն ու նախադրյալները, որպեսզի քաղաքական կյանքում հայտնվեն նոր ուժեր նոր գաղափարներով և նոր ծրագրերով։ Վերջինս նկատեց' մինչ հեղափոխությունը Հայաստանում կուսակցական գործունեությունն անիմաստ էր, քանի որ քաղաքական կյանք չկար։ Ըստ Բաբաջանյանի' հեղափոխության պարգևած մեծագույն բարիքը ժողովրդավարությունն է, բայց այն չի կարող ապրել առանց ամենօրյա ջանքի, աշխատանքի և պաշտպանության.

«Ժողովրդավարությամբ իրենց իշխանությունն ու ազդեցությունը կորցրած նախկին հանցագործ իշխանավորները իսկական պատերազմ են հայտարարել Հանրապետությանը, ժողովրդավարությանն ու նոր Հայաստանին»։

Բաբաջանյանը հայտարարեց' իրենք հրապարակ են գալիս ժողովրդավարության պաշտպանության գործում ավանդ ներդնելու և ժողովրդավարությունն ամրապնդելու նպատակով և հաստատակամությամբ։ Խոսեց նաև Հոկտեմբերի 27-ի ողբերգության մասին, շեշտեց' այդ օրը սպանվեցին ոչ միայն պետական այրերը, այլ քաղաքականությունն ընդհանրապես.

«Հոկտեմբերի 27-ը տեղի ունեցավ նաեւ այն պատճառով,որ երկրում իշխանության և հասարակության, իշխանության և քաղաքականության միջեւ բևեռացումն ու խզումը հասել էր անթույլատրելի մակարդակի, բացակայում էր այն պատնեշը, որ չպիտի թույլ տար Հոկտեմբերի 27-ի պետականասպանությունը»։

Անկախ պատգամավորը հավելեց, որ այդ ողբերգությունից, սակայն, մեր քաղաքական կյանքը դասեր չքաղեց.

«Ներքին անվտանգային համարժեք միջավայրի բացակայության հետևանք էր նաև 2008 թվականի Մարտի 1-ը, երբ Ռոբերտ Քոչարյանն իր իշխանությունը Սերժ Սարգսյանին փոխանցեց 10 անմեղ զոհերի կյանքի ու արյան գնով»։

Բաբաջանյանը շեշտեց' նոր իշխանությունը չի տվել անցյալի համապարփակ իրավաքաղաքական գնահատական, ինչը պարտավոր էր և այսօր էլ պարտավոր է անել։ Հավելեց' այս պահանջը իրենց օրակարգում է լինելու, իսկ իրենք գալիս են անշրջելի դարձնելու հեղափոխության ընթացքը.

«Սին է, թե Փաշինյանին չեզոքացնելով կկասեցնեն հեղափոխության ընթացքը»,- նշեց Բաբաջանյանը' հավելելով, որ քաղաքական կյանքը մեր երկրում դարձնելու են ավելի մրցունակ և մրցակցային։

Նոր ուժի հիմնադիրը ընդգծեց' իրենց համար կարևոր են հատկապես դատաիրավական համակարգի և տնտեսության բարեփոխումները։ Նրա խոսքով' դատաիրավական համակարգի ներկա վիճակը ընդհուպ ազգային անվտանգության սպառնալիք է, ուստի վիրահատական միջամտության կարիք է զգում։ 

Բաբաջանյանը հավելեց՝ տնտեսությունը նույնպես պետք է ժողովրդավարացվի։ Առաջնահերթությունների շարքում, ըստ Բաբաջանյանի, առաջին տեղում բանակն է.

«Մենք երկրի անվտանգության ապահովման բեռը պետք է թոթափենք բանակի ուսերից, բոլորս պետք է ստանձնենք անվտանգության ապահովման գործում բանակին զուգահեռ մեր անելիքը »,- ընդգծեց նա' հավելելով , որ բանակին անհրաժեշտ է համարժեք թիկունքային անվտանգություն։

Ըստ Բաբաջանյանի' մեր արտաքին քաղաքականությունը ցանկալի չափով զորավիգ չի լինում բանակին, քանի որ զգալիորեն գտնվում է անցյալի իներցիայի ազդեցության ներքո։