Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Սեր, խրախճանք, ժանտախտ. «Դեկամերոն» տխուր կատակերգությամբ իր դռները կբացի մայր թատրոնը (տեսանյութ)

Մայր թատրոնը 99-րդ թատերաշրջանը կբացի պրեմիերայով՝ Ջովաննի Բոկաչչոյի «Դեկամերոն» տխուր կատակերգությամբ։

Բացօթյա ներկայացման բեմադրության հեղինակը Լիլի Էլբակյանն է։ Թե ինչու է ընտրվել հենց այս գործը հարցին բեմադրիչը պատասխանում է, որ նախ շատ է սիրում, նաև, ժանտախտի թեման, կարծում է, որ  համահունչ է մեր օրերին։ Իսկ ժանտախտին զուգահեռ կա նաև սերն ու խրախճանքը։ Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի խոսքով, ոչ թե ինչ-որ ներկայացում են ադապտացրել ու բերել բաց տարածք, այլ զրոյից ստեղծել են այս ներկայացումը։ Տարածքը, որը նախապատրաստել են ներկայացման համար՝ փոքր բեմի բակն է։ 

Լիլի էլբակյանն ասում է, որ շատ դժվար է կայացել բեմադրությունը։ Փորձերը դրսում են եղել, արևի ու քամու տակ են փորձել, և եթե դահլիճը բերում է մթնոլորտ, ապա դրսում շատ հանգամանքներ խանգարում են այս մթնոլորտի ստեղծմանը, օրինակ աղմուկը։ 

Մեկ ներկայացմանը հիսուն հանդիսատես կարող են ընդունել։ Տոմսի արժեքը 5000 դրամ է։ 

Վարդան Մկրտչյանը նշում է, որ պետական թատրոնի առավելությունն այն է, որ այն ոչ շահույթ հետապնդող կառույց է, և կարևորն իրենց համար հանդիսատեսն է։

Խաղալու են սեպտեմբերի 25-ին, 26-ին, 27-ին, նաև հոկտեմբեր ամսին կխաղան բացօթյա, հետո, հավանաբար, արդեն դահլիճ կտեղափոխվեն։ 

«Թատրոնը սկսվել է հրապարակից և վերադառնում է հրապարակ»,- ասում է թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը և հավելում, որ եթե իրեն ասեն բեմադրել, օրինակ, «Էդիպ արքան», նա կարծում է, որ այն կնախընտրի բեմադրել որպես բացօթյա ներկայացում։

Տնօրենի խոսքով՝ թատրոնի 100-ամյա հոբելյանը դիմավորելու են վերանորոգված, քաղաքակիրթ վիճակի բերված շենքում, քանի որ կառավարությունն իրենց հատկացրել է վերանորոգման աշխատանքների համար պահանջվող ամբողջական գումարը։  Կվերանորոգվեն կաթսայատունը, սանհանգույցներն ու շենքի ֆասադը։