Ես ունեմ խորը կասկած, որ Նիկոլ Փաշինյանի վրա կոմպրոմատներ կան․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասում է․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի դեպքում իրենք երբեք իրենց թույլ չենք տվել մտնել անձնական տիրույթ և ընտանիք։ Նա գտնում է, որ գործող իշխանությունները դա թույլ են տվել։
Բայց չէ որ 2015թ․ երբ ՀՀԿ-ի իշխանությունը Գ․Ծառուկյանին ստիպում էր փակել քաղաքականության էջը, տեղեկություններ էին շրջանառվում, թե գիշերը նրա որդիներին առևանգել են։ Գագիկ Ծառուկյանն ինքն է անձամբ հայտարարել, թե մի գիշերում իր 600-700 համակիրներին տարել են։
Ա․Աշոտյանն ասում է, թե նման զուգահեռների մասին չի խոսում անգամ ԲՀԿ-ն, և 2015թ․ նման լայնածավալ ռեպրեսիվ ապարատի գործադրում չի եղել։
«Այո եղել է էմոցիաների պոռթկում բոլոր կողմերից, ԲՀԿ-ի հետ մեր ջրերը միշտ չէ որ միասին են հոսել, բայց երբեք մենք մեզ թույլ չենք տվել հատել կարմիր գծերը»,- ասում է նա։
Նա նաև գտնում է, որ Ն․Փաշինյանը բազմաթիվ փաստերով պետք է պարտական լիներ Գ․Ծառուկյանին՝ վարչապետի պաշտոնում իր առաջադրումով, ընտանեկան միջոցառումներին մասնակցելու հրավերով։
«Երբ Ն․Փաշինյանն ու իր թիմը տժժում էին Մելաձեի երգի տակ Գ․Ծառուկյանի դստեր հարսանիքին։ Իսկ եթե Գ․Ծառուկյանը կալանավորվի, ԲՀԿ-ի համակիրներն ավելի են բորբոքվելու, չկալանավորելու դեպքում էլ կապացուցվի, որ Ն․Փաշինյանը հերթական անգամ ամպագոռգոռ խոսում է»,- հավելում է Ա․Աշոտյանը։
Վերջինս նաև վարչապետից պահանջում է հերքել Դուշամբեում կայացած հանդիպման վերաբերյալ Իլհամ Ալիևի արած հայտարարությունները․
«Ես ունեմ խորը կասկած, որ Ն․Փաշինյանի վրա կան կոմպրոմատներ, նա չի հերքում այդ հայտարարությունները։ Քարոզչական ճակատում Հայաստանը պարտվում է Ադրբեջանին»։
Ա․Աշոտյանը անդրադարձավ նաև հոկտեմբերի 8-ին ԲՀԿ, «Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցության հրավիրած հանրահավաքին և ասաց, որ ՀՀԿ-ում դրան մասնակցելու վերաբերյալ քննարկում չի եղել։
Ընդդիմադիր քաղաքական դաշտում տարբեր կուսակցություններ համագործակցության տարբեր քննարկումներ են անցկացնում, մինչդեռ ՀՀԿ-ն որևէ մեկի հետ չի հանդիպում։ Արդյոք դա չի նշանակո՞ւմ, որ խուսափում են ՀՀԿ-ի հետ համագործակցելուց։
«Անիմաստ է մեզ կռվացնել ԲՀԿ-ի, Վանեցյանի, Քոչարյանի հետ, ՀՀԿ-ն ինքնաբավ լինելով՝ միաժամանակ պատրաստ է համագործակցության օրակարգ մշակել ՀՀ ապագայի վերաբերյալ»,- Ասաց Ա․Աշոտյանը։
Մանրամասները՝ տեսանյութում