Գուրգեն Էդիլյանի ճիշտ ժամանակին տպագրված գիրքը՝ Խաչատուր Աբովյանի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀրատարակվել է հոգեբան, ստալինյան բռնաճնշումների զոհ Գուրգեն Էդիլյանի տասնամյակներ անտիպ «Խաչատուր Աբովյանի կյանքն ու գործունեությունը» աշխատությունը, որն ըստ գրականագետ Սերժ Սրապյոնյանի աբովյանագիտության համար թռիչք է։
«Ճիշտ ժամանակին տպագրված գիրք է։ Այն լույս տեսավ հենց հիմա, երբ վտանգված է հայ մշակույթը, երբ պետական մակարդակով արշավանք է գնում հայ մշակույթի և հայոց մեծերի հանդեպ»,- իր խոսքում ընդգծեց պարոն Սրապյոնյանը։
Գրքի շնորհանդեսը կայացավ Գրականության և արվեստի թանգարանում։
«Մեր ընտանիքի նոր սերունդը, ինչպես և ես, Գուրգեն Էդիլյանին չի տեսել, բայց նրա հիշատակը միշտ վառ է պահվում»,- ասում է հոգեբանի եղբոր դուստրը՝ Լիլիաննա Էդիլյանը, ով իր ֆինանսական միջոցներով է տպագրել աշխատությունը։
Ներկաները նշեցին, որ Աբովյանը ժողովրդականություն վայելող գրողներից է, բայց մինչ օրս լավ չենք ճանաչել։ Այս աշխատության մեջ Գուրգեն Էդիլյանը կարողացել է բացահայտել նրան որպես անձ և մտածող, հոգեբանորեն բացահայտել ճշմարիտ Աբովյանին։
«Հասկանալի է, որ նման աշխատությունը պետք է տեղ չունենար խորհրդային իրականության մեջ։ Որքան նման են Էդիլյանն ու Աբովյանը իրենց անցած ճանապարհով, ստացած եվրոպական կրթությամբ»,- ասաց Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը։
Գրքի խմբագիր գրող Աշոտ Պետրոսյանի խոսքով միայն մեծ մարդկանց հոգևոր հանդիպումից կարող էր ծնունդ առնել Խաչատուր Աբովյանի ողբերգական կյանքին նվիրված մենագրություններից առավել ճշմարիտը։