ՈՒԵՖԱ Ազգերի լիգա. Գերմանիայի հավաքականի անդրանիկ հաղթանակը մրցաշարում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին2020 թվականի ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայում կայացան խմբային փուլի 3-րդ տուրի խաղերը:
Գերմանիայի հավաքականը Կիևում 2:1 հաշվով պարտության մատնելով Ուկրաինայի թիմին, իր պատմության ընթացքում տարավ անդրանիկ հաղթանակը սույն մրցաշարում: Նախորդ խաղարկությունում գերմանացիներն երկու խաղ ավարտել էին ոչ-ոքի, իսկ երկուսում պարտություն էին կրել: Ընթացիկ մրցաշարի մեկնարկում նրանք միևնույն 1:1 հաշվով ոչ-ոքի էին խաղացել Իսպանիայի և Շվեյցարիայի հետ:
Նշենք, որ Ազգերի լիգայի մրցաշարերում առայժմ հաղթանակ չեն տոնել յոթ թիմեր: Դրանք են Անդորայի, Լատվիայի, Իսլանդիայի, Սան Մարինոյի, Մալթայի, Իռլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի հավաքականները:
Ուկրաինայի ընտրանին առաջին անգամ սեփական դաշտում պարտվեց Գերմանիայի հավաքականին: Մինչ այդ թիմերը երեք անգամ ոչ-ոքի էին խաղացել իրար հետ Կիևում:
Այս հաղթանակից հետո Գերմանիայի ազգային թիմը A լիգայի 4-րդ խմբում բարձրացավ 2-րդ հորիզոնական: Այստեղ մրցաշարային աղյուսակը գլխավորում է Իսպանիայի ընտրանին, որը սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթեց Շվեյցարիայի հավաքականին և վաստակեց 7 միավոր:
Ցածր լիգաներում Չեռնոգորիայի ընտրանին սեփական դաշտում առավելության հասավ Ադրբեջանի նկատմամբ՝ 2:0, և տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը: Վեց միավորով նրան հաջորդող Լյուքսեմբուրգն իր հարկի տակ նույն հաշվով պարտության մատնեց Կիպրոսին, որը դեռ միավոր չի վաստակել այս մրցաշրջանում: Մյուս արդյունքներից կարելի է առանձնացնել Ջիբրալթարի հաջողությունը Լիխտենշտեյնում՝ 1:0:
Երրորդ տուրի մյուս հանդիպումները տեղի կունենան այսօր: A լիգայում առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում Անգլիա – Բելգիա, Ֆրանսիա – Պորտուգալիա, Խորվաթիա - Շվեդիա և Լեհաստան – Իտալիա հակամարտությունները: B լիգայում սկզբունքային են Ռուսաստան – Թուրքիա և Սերբիա – Հունգարիա, իսկ C լիգայում՝ Հայաստան – Վրաստան հանդիպումները: