Տեսանելի վայրերում քաղաքն արդեն մաքրվել է պայթած ու չպայթած ռումբերից ու արկերից. Արցախի ԱԻՊԾ
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, պարետ Կարեն Սարգսյանն այսօր հերթական շրջայցն է կատարել մայրաքաղաք Ստեփանակերտում, հետևել ծառայության սակրավորական խմբի աշխատանքներին, միաժամանակ ստուգել կատարված աշխատանքը, հայտնում է ԱՀ ԱԻԾՊ-ն։ Սակրավորական ջոկատներն այժմ աշխատում են մի քանի ուղղություններով:
Տեսանելի վայրերում քաղաքն արդեն մաքրվել է պայթած ու չպայթած ռումբերից ու արկերից: Այժմ աշխատանքներն ընթանում են՝ ըստ բնակչության կանչերի: Կարեն Սարգսյանն այնուհետև եղել է հրթիռակոծված քաղաքացիական ենթակառուցվածքներում:
«Ադրբեջանը չի՛ կարող ոչնչացնել հազարամյակներով ստեղծած Արցախի ազգային ինքնությունը: Մեզանից յուրաքանչյուրը պետք է և պարտավոր է անել ամեն ինչ, օր առաջ մեր բնակավայրերն ավելի բարեկեցիկ ու ապահով դարձնելու համար»,- նշել է Կարեն Սարգսյանը:
Պատերազմն ավելի մեծ լսարանին ներկայացնող բրիտանական մեդիաներկայացուցիչներին, ծառայության տնօրենն անձամբ է պատմել ադրբեջանական զինուժի կողմից մեր քաղաքացիական օբյեկտների թիրախավորման, խաղաղ բնակչության շրջանում՝ զոհերի ու վիրավորների, ինչպես նաև Արցախի փրկարարի հագեցած օրակարգի մասին: