Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը գլխավորեց Ռաֆայել Նազարյանը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Ռաֆայել Նազարյանը: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կայացել է հանդիպում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և Ռաֆայել Նազարյանի միջև, որից հետո կողմերը ստորագրել են համագործակցության երկամյա պայմանագիր:
Ռաֆայել Նազարյանը, սկսած 2019 թվականի օգոստոսից, գլխավորում է ԲԿՄԱ-ն: 45-ամյա մասնագետի մարզչական շտաբում ընդգրկվել են Մհեր Միրումյանը, Գևորգ Պողոսյանը, Արամ Բարեղամյանը և դարպասապահների մարզիչ Նիկոլայ Սարգսյանը:
Ռաֆայել Նազարյանն ունի Հայաստանի Մ-21 հավաքականի հետ աշխատելու փորձ: Նրա գլխավորությամբ Հայաստանի Մ-21 հավաքականը 2011-ից 2013 թթ. անցկացրել է 12 հանդիպում, տարել է 5 հաղթանակ, 3 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի, և կրել է 4 պարտություն։ Խփած և բաց թողած գնդակների տարբերությունն է 15-13։
Հայաստանի Մ-21 հավաքականը նրա օրոք գրանցել է պատմության մեջ լավագույն արդյունքը՝ Եվրոպայի 2013թ երիտասարդական առաջնության ընտրական փուլում տանելով 4 հաղթանակ, 3 հանդիպում ավարտելով ոչ-ոքի և կրելով 1 պարտություն: Չեխիայի, Չեռնոգորիայի, Ուելսի և Անդորրայի Մ-21 թիմերի հետ պայքարում մեր հավաքականը վաստակել էր 15 միավոր և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Մ-21 հավաքականն Եվրոպայի առաջնության վերջին ընտրական խաղում 0։10 հաշվով խայտառակ պարտություն է կրել Շվեդիայի այդ տարիքային թիմից։