Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մարզեր Հասարակություն

Տոնավաճառ Վեդիում․ ամենաշատը ժենգյալով հաց է վաճառվել (տեսանյութ)

Վեդիում փոքրիկ տոնավաճառի արդյունքում 170 390 դրամ են հավաքել, որն ամբողջությամբ փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Կատարիր գնումներ օգնելով «Հայաստան» համահայկական հիմնադրամին․ այս խորագիրը կրող տոնավաճառը Վեդիում կազմակերպել և անցկացրել են երիտասարդները, ովքեր արդեն մոտ մեկ ամիս է կամավորական աշխատանք են իրականացնում իրենց քաղաքում։ Տոնավաճառին իրենց ձեռագործ իրերով, չրերով ու մյուս ապրանքներով մասնակցել են ինչպես Վեդիի բնակիչները, այնպես էլ հարևան համայնքները, որոնք վաճառքի 50, որոշներն էլ 100 տոկոսը փոխանցել են հիմնադրամին։

10-ամյա Ալեքսը տոնավաճառին իր նկարած նկարներն է բերել․ «Նկարներս վաճառում եմ, որ ուղարկեմ հայոց բանակին»,-ասում է նա։ Ալեքսին են միացել նաև ընկերները, ովքեր տոնավաճառի տարածքում քայլում են, գնորդներին առաջարկում իրենց նկարները։ Սեղաններին կա ամեն ինչ, սակայն ամենաշատ վաճառք գրանցել է արցախցի կանանց պատրաստած  ժենգյալով հացը։ Տոնավաճառի միտքը քննարկման արդյունքում է ծնվել․ «Մեր քաղաքի ակտիվ բնակիչներից մեկը, ով նաև արտադրող է, կապվեց մեզ հետ, ասաց, որ նման գաղափար ունի, մենք էլ առաջարկեցինք հավաքվել, քննարկել և իրագործել։ Երկու օրում արդեն հայտարարությունները պատրաստ էին՝ փակցված շենքերի մուտքերում, խանութներում»,- մեզ հետ զրույցում պատմում են երիտասարդները, ովքեր անվանական ներկայանալ չեն ցանկանում։