Նոր խարդախություն հորիզոնում. «Պորտոնովի»-ն պատկանում է Ադրբեջանի նախագահի դուստրերին․ Առավոտ
Աջակցիր «Ա1+»-ինՀոկտեմբերի 31-ին Չեռնոգորիայի հետաքննական լրագրության կենտրոնը (CIN-CG) հրապարակել է հետաքննական զեկույց՝ «Նոր խարդախություն՝ հորիզոնում. «Պորտոնովի»-ն պատկանում է Ադրբեջանի նախագահի դուստրերին» վերնագրով, որն արտատպվել է թե՛ չեռնոգորական և թե՛ սերբական բազմաթիվ լրատվականներում։
Չեռնոգորիայի կառավարությունն ի սկզբանե զգալի արտոնություններ է տրամադրել Կումբորում գտնվող «Պորտոնովի» նախագծի սեփականատերերին: Ներդրումը (ըստ «Azmont»-ի, 737.4 միլիոն եվրո ներառյալ ԱԱՀ-ն)՝ որն արվել է մինչև այս տարվա օգոստոսի վերջը, 2012 թվականին տրվել էր Ադրբեջանի պետական նավթային «SOCAR» ընկերությանը, չնայած այն հանգամանքին, որ ափամերձ ամենագրավիչ հողամասերից մեկի՝ նախկինում տասնամյակներ շարունակ ռազմական համալիրի, 90 տարվա վարձակալության համար արված նրանց առաջարկը NCH ամերիկյան կոնսորցիումի արված առաջարկի կեսից էլ պակաս էր, ինչպես նաև չէր բավարարում մրցույթի այն պայմանը, որ ներդրողը պետք է լինի 4+ կամ հինգ աստղանի մակարդակի զբոսաշրջային համալիրների հեղինակավոր օպերատոր:
Պլանների հաճախակի փոփոխությամբ, կառավարությունը հնարավորություն ընձեռեց կառուցել նախատեսվածից կրկնակի շատ քառակուսի մետրեր, վիլլաներ և բնակարաններ վաճառքի համար, սակայն Ադրիատիկի ամենագեղեցիկ տարածքներից մեկի վարձակալության գինն այդպես էլ մնաց մեկ եվրո՝ մեկ քառակուսի մետրի համար: Մրցույթի նախօրեին, և հետագայում, պետության ղեկավարությունը հաճախ էր մեկնում Բաքու:
Այս խոշորագույն ներդրումներից մեկի հետ գործնականորեն կապակցված են Ացո և Անա Ջուկանովիչները, ինչպես նաև «Բոդաքս» կազմակերպությունը Պոդգորիցայից։ Կոմբորում «Պորտոնովի» էլիտար համալիրը կառուցող «Azmont ներդրումներ» կազմակերպության վերջնական սեփականատերերը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրերն են՝ Արզուն և Լեյլան, ինչպես նաև նրա աները՝ Արիֆ Փաշաևը: