Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարվող 1000 դրամն առաջարկվում է դարձնել 3000
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է օրենքի նախագիծ, ըստ որի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարվող ամսական 1000 դրամը կդառնա 3000 դրամ։ Օրենքն ընդունվելու դեպքում ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։
Գործող օրենքով դրոշմանիշային վճարի չափը կազմում է ֆիզիկական անձանց համար՝ ամսական 1000 ՀՀ դրամ, իսկ անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար՝ տարեկան 12000 ՀՀ դրամ: Քննարկման դրված նախագծով առաջարկվում է ֆիզիկական անձանց համար դրոշմանիշային վճարի չափը դարձնել ամսական 3000 դրամ, իսկ անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար՝ տարեկան 36 հազար դրամ:
Նախագծի մշակումը պայմանավորված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության վրա կատարված հարձակման հանգամանքով, որի հետևանքով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը աճել է։
Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարվող դրոշմանիշային վճարները ամսական 1000 դրամից կբարձրացվեն ամսական 3000 դրամի։ Նշված վճարի չափը առաջարկվում է՝ հիմք ընդունելով ապահովագրման ենթակա այն շահերը, որոնց հիմքում ընկած գործոնները ևս գնահատվել են։
Նախագծերը մշակվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից՝ համագործակցելով ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ֆինանսների նախարարության և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հետ։