«Խորհրդարանական ընդդիմությունն առավել քան իրավասու է տիրապետել ՀՀ և ԱՀ սահմանների անվտանգությանն առնչվող ինֆորմացիային» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ խորհրդարանական ընդդիմության կողմից անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու՝ վարչապետին ուղղված գրությանը։ Տոնոյանն ընդգծեց, որ երկու շաբաթ է անցել, որևէ արձագանք չեն ստացել, բացի վարչապետի խոսնակի այն արձագանքից, թե նմանօրինակ հանդիպում արդեն կայացել է. այսօր կրկին դիմել են նույն առաջարկով․
«Ռազմական դրության պայմաններում, պատերազմական իրավիճակում, երբ յուրաքանչյուր վայրկյան սահմանին իրավիճակ է փոխում, կարծում եմ, խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները, եթե գտնում են այդ անհրաժեշտությունը և հրամայականը, ապա հարկ է, որ դրան որոշակի արձագանք լիներ»։
Տոնոյանը շեշտեց՝ իրենց հարցերին պատասխաններ չեն ստացել, գումարվել են նաև այլ հարցեր, ուստի այսօր առավել քան անհրաժեշտ է նմանատիպ հանդիպումը։ ԲՀԿ պատգամավորը շեշտում է՝ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները առավել քան իրավասու են տիրապետել այնպիսի ինֆորմացիայի, որն առնչվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի սահմանների անվտանգությանը։ Ինչ վերաբերում է ԲՀԿ պատգամավորների այցին Մոսկվա, Տոնոյանն ասաց՝ այցի շրջանակներում մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել, քննարկումների առանցքում եղել են Արցախին վերաբերող հարցերը, նշեց՝ այլ մանրամասներ փոխանցել չի կարող։
ԲՀԿ ներկայացուցիչը շեշտեց նաև, որ արտախորհրդարանական ուժերի հետ քննարկումները շարունակում են, արդյունքների մասին հայտարարություն կտարածեն։
Արցախի իշխանությունների հետ ամենժամյա կապի մեջ են, վստահեցրեց Տոնոյանը՝ հավելելով, որ եղել են նաև Արցախում, զրուցել Արայիկ Հարությունյանի և այլ պաշտոնյաների հետ, ստացել որոշակի տեղեկատվություն, որի հետ կապված ևս վարչապետին ունեն հարցեր։ Տոնոյանը հավելեց նաև՝ Գագիկ Ծառուկյանը ամենժամյա ռեժիմով կապի մեջ է թե՛ Ռուսաստանի գործընկերների, թե՛ Եվրոպայի գործընկերների հետ, և բոլոր այդ հեռախոսազրույցների հիմքում ընկած է անահանգստությունն ու մտահոգությունը Արցախի շուրջ տեղ ունեցողի վերաբերյալ։