Ռազմական դրության շրջանում մեկ հեռուստահաղորդում է զրկվել հեռարձակումից․ Տիգրան Հակոբյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՌազմական դրության շրջանում մեկ հեռուստահաղորդում է զրկվել հեռարձակումից, սակայն դա կապ չուներ ռազմական դրության հետ։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողներին ասաց ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։
«Նույնիսկ, եթե ռազմական դրություն չլիներ,նա կզրկվեր այն բովանդակության համար, որը ենթակա է պատժի»,- ասաց նա։
Տիգրան Հակոբյանն ասաց, որ իրենք կարգավորում են միայն տեսալսողական մեդիա ծառայությունների գործունեությունը․
«Այնտեղ ռազմական իրադրության խախտումներ գրեթե չկան։ Եթե դուք նկատել եք, այդ բոլոր տուգանքները կամ զգուշացումները գնում են դեպի ինտերնետ ու տպագիր մամուլ, իսկ մենք այդ խնդիրը չունենք։ Իհարկե, դա մեր լավ աշխատանքը չէ, առաջին հերթին դա այն կարգավորման մեխանիզմներն են, որոնք կան։ Եվ բոլոր հեռուստառադիո ընկերությունները շատ լավ գիտեն՝ եթե նրանք խախտումներ անեն, կարող են պատժվել։ Բոլորը շատ լավ գիտեն՝ եթե նրանք ինչ-որ խախտումներ անեն, մյուս անգամ կարող են լիցենզիա չստանալ»,- հավելեց Տիգրան Հակոբյանը։
Հակոբյանի խոսքով, այդ վերահսկողական մեխանիզմները թույլ են տալիս շատ արդյունավետ վերահսկել դաշտը․
«Ամեն օր, մենք կապի մեջ ենք այս կամ այն հեռուստաընկերության հետ, մենք պատժելու, սադրիչ գործողությունների մտադրություն չունենք, կարող են ինչ-որ բաներ սխալվել։ Յուրաքանչյուր սխալից հետո ոստիկանությունը կարող է գնալ դուռը ծեծել և այդ տուգանքը սահմանել, բայց մենք այդպիսի բաներ չենք անում, զանգում ենք, խոսում ենք, բացատրում ենք և նվազեցնում այդ սխալների հավանակնությունը»,- նշեց նա։
Տիգրան Հակոբյանը հավելեց՝ հեռուստաընկերությունների հետ կոլեգիալ աշխատանքներ են։ Նրա խոսքով՝ պատերազմական իրավիճակը ստիպում է սահմանփակել խոսքի ազատությունը, քանի որ գերակա է պետական շահը։