Իշխանությունը վերցնելու համար օգտագործեց Ծառուկյանին և հիմա փորձում է ջախջախել նրան․ Ավետիք Իշխանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը գտնում է, որ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 16 կուսակցությունները ճիշտ կազմակերպեին իրենց աշխատանքները, ամբողջ հանրապետությունը կեռար։ Նա նաև գտնում է, որ հիմա փողոցում պետք է լինեին նաև նախկին նախագահներ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն իրենց բոլոր համախոհներով։
«Եթե դուրս չեն գալիս, ուրեմն այդ ուժերը լավ չեն աշխատել։ Եթե անգամ լավ են աշխատել, բայց դուրս չեն եկել, ուրեմն հասարակության զգալի մասը արժանապատվություն և հայրենիքի զգացողություն չունի։ Իսկ եթե չեն վստահում այդ կուսակցուոթյուններին, ուրեմն թող իրենք դուրս գան փողոց և ինքնակազմակերպվեն։ Դուրս չգալը ինքնաարդարացում է»,- ասում է իրավապաշտպանը։
Վերջինս ողջունում է ընդդիմության այն քայլը, որ վարչապետի թեկնածու է առաջադրում ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին։ «Մինչև հիմա Հայաստանում ընդունված չի եղել ստվերային կառավարություն կոչվածը, բայց ես դա շատ նորմալ եմ համարում։ Իհարկե, ընդդիմությունը պետք է ներկայացնի, թե ինչպես է պատրաստվում կառավարել»,- ասում է նա։
Խոսելով ՀՀ իշխանություններին կամ Ն․Փաշինյանին ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններին՝ Ա․Իշխանյանը գտնում է, որ դա ոչ թե աջակցություն է, այլև՝ արհամարհանք։
«Գունավոր հեղափոխությունների մասին, Արցախի անկախությունը չճանաչելու կամ մի քանի անգամ պատերազմը կանգնեցնելու հնարավորությունների մասին ՌԴ նախագահի ասածը արհամարհանք էր երկրի ղեկավարի և մեր նկատմամբ»,- կարծում է նա։
Իրավապաշտպանն անդրադարձավ նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու վերաբերյալ Ազգային ժողովում տեղի ունեցող գործընթացներին։ Հիշեցրեց․
«Իսկ այդ ամենի մասին 2018թ․ չգիտե՞ր այսօրվա վարչապետը, երբ հուշագիր էր ստորագրում նրա հետ։ Շատ լավ էլ գիտեր։ Նա մաքիավելական սկզբունքով օգտագործեց Ծառուկյանին՝ իշխանությունը վերցնելու համար և օգտագործելուց հետո փորձում է նրան ջախջախել»։
Մանրամասները՝ տեսանյութում