Բացել լրահոսը Փակել լրահոսը
ջերմոց
A A
Մարզեր

Ինչ է փոխվել Վեդիի դպրոցում՝ ջերմոց կառուցելուց հետո

Վեդու Գագիկ Մարգարյանի անվան թիվ 1 դպրոցն արդեն 2 տարի է, ինչ ջերմոց ունի։

Մարզում դպրոցը միակը չէ,  կա 3 ջերմոց՝ Սուրենավանում, Վերին Արտաշատում և Վեդիում։ Չափսերով ամենափոքրը հենց Վեդիինն է։

Գաղափարը ծագել է  դեռեւս 2016 թվականին, երբ  մարզի 7  տնօրեններ դպրոցի խոհարարների հետ հրավիրվել են Տամբով փորձի փոխանակման։ Վեդու թիվ 1 դպրոցի տնօրեն Ալվարդ Պապոյանն ասում է՝  դպրոցներ կային, որոնք բացի տաք սննդից ունեցել են նաև ջերմոցներ։

«Շատ գրավեց ինձ այդ ծրագիրը։ Երբ վերադարձանք, Ռուսաստանի սննդի ճյուղային ինստիտուտից զանգեցին, իրենց տնօրեն Չերնիկովը եղավ մեր դպրոցում և առաջարկեցին հիմնել ջերմոց»,- պատմում է Ալվարդ Պապոյանը։

Նրա խոսքով՝ սկզբում շատ դժվար է եղել․ «Հողագործությունից այնքան էլ գաղափար չունեինք, բայց որպես առաջամարտիկ պատասխանատվությունը վերցրինք ու սկսեցինք»,-անկեղծանում է նա։

Տնօրենը պատմում է, որ մի ամբողջ տարի ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն իրենց  աջակցել է։ Հիմնականում աշխատել են  Զարուհի Բեգլարյանի հետ․

«Ջերմոցի ծախսերն առաջին տարում հոգացել է կազմակերպությունը, հետո դպրոցը՝ ստացած շահույթով։ Մեզանից հասնում էր տեղում աշխատել։ Մնացածն իրենք անում էին ու հետևողական էին։ Ունեին գյուղատնտես, ով մեզ ամեն շաբաթ գալիս ու ուղղություն էր ցույց տալիս»-պատմում է նա։

Ջերմոցում աշխատել են վեդեցիները՝  ստանալով որոշակի գումար։ Նրանց կամավոր հիմունքներով օգնել է է նաև հենց ինքը՝ տնօրենը, շահագրգռելով դպրոցի մյուս աշխատակիցներին։ Արդյունքը, տնօրենի խոսքով, շատ գոհացուցիչ է եղել։ Բերքը վաճառվել է։ Եկամուտի մի մասը  փոխանցվել է դպրոցի բյուջե, մի մասով էլ հոգացել են դպրոցի ճաշարանի հոգսերը։

«Կարծում եմ՝ մեզ մոտ հաջողվել է ծրագիրը։  Ճաշարանին շատ է օգնում ջերմոցը, ինչն էլ հենց հիմնական նպատակն է»,- ասում է Ալվարդ Պապոյանը։ 

Երկու տարվա ընթացքում ջերմոցում հասցրել են երկու անգամ լոլիկ ու  մեկ անգամ վարունգ աճեցնել, իսկ այս պահին ջերմոցում կանաչի է ցանված։

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից ուսումնական գործընթացը  հանրային  տրանսպորտ չունեցող  համայնքների կրթական հաստատություններում վերսկսվել է առկա ուսուցմամբ՝ խմբային տարբերակով։

Վեդին այդ համայնքներից մեկն է։

«Ես կողմ եմ այս տարբերակին, երեխաները լավ են մասնակցում դասերին, այս պահին մեծ ոգևորությամբ պատրաստվում են «Մեղու» դպրոցական մրցույթին, պարզապես այս տարբերակով աշխատող ծնողների համար է մի փոքր բարդ, քանի որ երեխան ամեն օր չէ դպրոց գալիս, բայց սա ավելի լավ է, քան հեռավարը»,-նշում է տնօրենը։

Նրա խոսքով՝ հաճախումները նորմալ են, երեխաների շրջանում չունեն վարակվածներ, ունեն 3 վարակված ուսուցիչ։