Եվրոպայի լիգա. անգլիական և գերմանական գերիշխանություն. «Ռոմայի» առաջին սայթաքումը
Աջակցիր «Ա1+»-ինԱվարտվեց ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլը:
Բոլորից վստահ հանդես եկավ Լոնդոնի «Արսենալը», որը հաղթանակ տարավ բոլոր հանդիպումներում և ցույց տվեց 100 տոկոսանոց արդյունք: Անգլիական ակումբից մի փոքր ետ մնաց «Հոֆենհայմը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը: Վերջին տուրի խաղում գերմանական ակումբը սեփական դաշտում 4:1 հաշվով ջախջախեց բելգիական «Գենտին» և տարավ 5-րդ հաղթանակը: Նույնքան հաղթանակ է տոնել նաև Գերմանիայի մյուս ներկայացուցիչը՝ «Բայերը»:
Հռոմի «Ռոման», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, այս անգամ հյուրընկալվելիս 1:3 հաշվով տանուլ տվեց Սոֆիայի ԲԿՄԱ-ին և առաջին պարտությունը կրեց մրցաշարում: Հարկ է նշել, որ հայ ֆուտբոլիստներն այս անգամ չմասնակցեցին իրենց թիմերի հանդիպումներին:
Եվրոպայի լիգայի խմբային փուլում հաջող հանդես եկան Իսպանիայի, Անգլիայի, Իտալիայի, Գերմանիայի և Պորտուգալիայի ակումբները, որոնք առաջին երկու տեղերը զբաղեցրին իրենց խմբերում և մտան փլեյ-օֆֆ: Իսկ ահա Թուրքիան, Դանիան, Կիպրոսը, Բուլղարիան, Ռումինիան, Լեհաստանը և Ադրբեջանը զրկվեցին իրենց մասնակիցներից:
Փլեյ-օֆֆում բոլորից շատ ներկայացուցիչ կունենա Անգլիան՝ 4 թիմ: Ապա գալիս են Իսպանիան ու Իտալիան՝ 3-ական: Երկուական ներկայացուցիչ ունեն Գերմանիան, Պորտուգալիան, Բելգիան, Ավստրիան, Նիդեռլանդները, Ուկրաինան, մեկական՝ Շոտլանդիան, Խորվաթիան, Ռուսաստանը, Հունաստանը, Շվեյցարիան, Նորվեգիան, Ֆրանսիան, Իսրայելը, Սերբիան և Չեխիան:
Փլեյ-օֆֆի վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին: «Ռոմայի» և «Հոֆենհայմի» մրցակիցներ կարող են դառնալ այնպիսի թիմեր, ինչպիսիք են պորտուգալական «Բենֆիկան» ու «Բրագան», իսպանական «Գրանադան» ու «Ռեալ Սոսիեդադը», ֆրանսիական «Լիլը»: