Մալխաս Ամոյանը մտավ աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ. մյուսները պարտվեցին
Աջակցիր «Ա1+»-ինՍերբիայի մայրաքաղաք Բելգրադում այսօր մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի Գավաթի անհատական խաղարկությունը: Առաջինը մրցագորգ են մտել հունահռոմեական ոճի ըմբիշները:
Մեր 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը մեկնարկում պարտվեց ռուսաստանցի Էմին Սեֆերշաևին՝ 0:4:
67 կգ քաշային կարգի Սլավիկ Գալստյանը 1/8 եզրափակիչ մարտում վստահ հաղթեց չեխ Կրիստոբալ Նունյեսին՝ 7:0, սակայն քառորդ եզրափակչում 4:7 հաշվով զիջեց ադրբեջանցի Իսլամբեկ Դադովին:
72 կգ քաշային Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակիչ մրցամարտում 6:0 հաշվով պարտության մատնեց սերբ Ալեքսանդր Մակսիմովիչին, իսկ քառորդ եզրափակիչում մաքուր հաղթեց մոլդովացի Վալենտին Պետիչին: Կիսաեզրափակիչում նա կմրցի թուրք ըմբիշ Չենգիզ Ասլանի հետ:
77 կգ քաշային կարգում հանդես եկող Կարապետ Չալյանը իրար ետեևից հաղթեց լեհ Իվան Միլիպուկին (4:0) և իտալացի Մատեո Մաֆեցոլիին (4:2), սակայն քառորդ եզրափակիչում պարտվեց ռուսաստանցի Ռոման Վլասովին՝ 1:3:
87 կգ քաշային Արթուր Շահինյանը առաջին մրցամարտում 2:3 հաշվով զիջեց հունգարացի Իշտվան Տակաչին և դուրս մնաց մեդալների համար պայքարից, քանի որ նրա մրցակիցը պարտություն կրեց արդեն հաջորդ փուլում:
Կիսաեզրափակիչ մրցամարտերը կայանալուց հետո պարզ կդառնա, թե մեր ըմբիշներից ովքեր կմասնակցեն սփոփման մրցաշարին և կպայքարեն բրոնզե մեդալի համար: