Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Քաղաքական պատվերի շրջանակներում է ինձ առաջադրված մեղադրանքը․ Վարդան Այվազյան (տեսանյութ)

«Բոլորի համար հասկանալի է, որ քաղաքական պատվերի շրջանակներում է ինձ առաջադրված մեղադրանքը»,-այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը՝ անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին։

 Հիշեցնենք` ԱԱԾ–ում հարուցված քրեական գործով Վարդան Այվազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր. օր. 300.1 հոդվածի առաջին մասով` իշխանության յուրացման համար։
«Ես ցավում եմ,որ մեր իրավապահ համակարգի ներկայացուցիչները  նմանատիպ հոդվածներով ողողել են իրավական դաշտը»,-ասում է Այվազյանը։

Այվազյանի խոսքով՝ այդ գիշեր հրապարակում մարդիկ կային, որ նույնիսկ իրեն չեն ցանկացել տեսնել, մինչդեռ այսօր իրեն մեղադրում են այդ ամենը կազմակերպելու մեջ։

Այվազյանը հարց է բարձրացնում՝  որտե՞ղ պետք է լիներ նորմալ հայ քաղաքացին այդ գիշերը, երբ հաղթելու մասին հայտարարությունների շարաններից հետո քեզ ներկայցնում են այդ փաստաթուղթը։

Ըստ Այվազյանի «շոուն մշտապես շարունակվում է», մինչդեռ  մարդկանց և ցանկակած իշխանական կառույցի կատարած գործողություններից պետք է հետևություն կատարել․

«Կոռուպցիոն դրսևորումներից են խոսում, պետական բյուջեում չկան այդ գումարները, ասում են՝ մի 20-30 մլն-ի կարգի գումարներ կան, բայց այսօրվա բյուջեում մոտ 100 մլն պարգևավճարներ կան, մոտ 20-30 մլնի կարգի ճանապարահաշինական խորհրդատվությանը հատկացված գումար կա»։

Ըստ նախկին պատգամավորի՝ տնտեսությունը  գտնվում է խորը կոլապսի և վատթարագույն վիճակի մեջ․

«Երկու տարվա ընթացքում միայն 1,6 մլդ դոլար արտաքին պարտքի բեռ են ավելացրել»,-ասում է Այվազյանը։

Ըստ նրա՝ պետական կառավարման համակարգի ամբողջական պարալիզացված իրավիճակ է։

Պնդում է՝ շուտով մենք անխուսափելիորեն կունենանք էներգակիրների գների ավելացում։

«Սա իրականում մղձավանջ է, պետք է կանգնենք, սևեր-սպիտակներ բաժանումը պետք է վերանա, ժողովուրդը պետք է միավորվի, մենք գնում ենք դեպի անդունդ։ Պարտվելն էլ է մարդու համար, բայց բոլոր դեպքերում դու պետք է չկորցնես քո արժանապատվությունը, ամենավերջին խոսքերը լսում ենք ազգի ու վարչապետի հասցեին, զրո պատասխան»,-ասում է Այվազյանը։

Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարություններին, թե սա էլիտաների պահանջ է, Այվազյանն ասում է՝ բոլոր երկրների համար ուղղորդողը էլիտան է, ուրեմն՝  պետք է Նիկոլ Փաշինյանը մտածի՝ հասել է այն իրավիճակին, որ էլիտան է պահանջում իր հրաժարականը։

«Էլիտան է հիմնականում շարժիչ ուժը»,-ասում է Այվազյանը։

Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, թե ինքըը պատասխանատու է, բայց գլխավոր մեղավորը չէ, Այվազյանն ասում է՝  այդպիսի բան լինել չի կարող, դրանք շաղկապված են։

 

Այվազյանը համոզված է՝ ընդդիմության հանրահավաքների  մասնակցելն է իրեն մեղադրանք առաջադրելու բուն պատճառը։

Նախկին պատգամավորը կիսում է համաձայնության կառավարություն ստեղծելու ընդդիմադիրների պահանջը, ասում է՝ մարդիկ էմոցիոնալ վիճակում են, և այս դեպքում ընտրություններ չպետք է լինեն։

Ըստ Այվազյանի՝ ժամանակավոր կառավարությունը կարող է կանգնեցնել  երկրի գահավիժումը, բայց կարծում է՝ կա մեկ այլ մարդ, ով կարող է երկիրը ղեկավարել․

«Այդ անձը Ռոբերտ Քոչարյանն է, 10 տարվա մեջ 900 մլն․ պարտք ենք վերցրել, երկու տարվա մեջ 1․6 մլրդ դոլար պարտք  ենք վերցրել, երբ Ռոբերտ Քոչարյանը հանձնում էր իշխանությունը, 3 մլրդանոց բյուջե ունեինք, 500 մլն էլ ավելցուկ»։