«Դատախազությանը մինչև երկուշաբթի ժամանակ ենք տալիս ձերբակալել Փաշինյանին». Արթուր Ղազինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության երթն այսօր մեկնարկեց Հալաբյան փողոցից՝ Թումոյի այգու մոտից։
Երթի ընթացքում ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը դարձել է համաժողովրդական պահանջ, ուստի իրենք պահանջում են «առանց Նիկոլ Հայաստան»,-վանկարկեցին մասնակիցները։
«Ցավոք, այս օրերին վարչապետի աթոռին սոսինձ քսած, հայրենիքը ծախած, հայրենիքին դավաճանած Փաշինյանը շարունակում է օր առաջ իշխանությունը ձգելու համար իր ստերը, հանցագործությունները, երկիրը պառակտելը, ժողովրդին մեկ մեկի դեմ հանելը»,-հայտարարեց Գեղամ Մանուկյանը։
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն էլ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե սա էլիտայի բունտ է, որը փորձում է ժողովրդից խլել իշխանությունը, ասաց․
«Մեզ համար ողջ հայ ազգը էլիտա է, Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մանիպուլացրեց եւ փորձեց հասարակությանը պառակտել»։
Վանեցյանը հայտարարեց, թե որեւէ մեկը չի ասում, որ ժողովուրդը չպետք է ձեւավորի իշխանություն․
« Մենք ասում ենք, որ այո, իշխանությունը պետք է ձեւավորվի ժողովրդի ազատ կամարտահայտությամբ, բայց Նիկոլ Փաշինյանը վերջին 2,5 տարում ապացուցեց, որ ինքն ի վիճակի չէ ապահովել մեր երկրի եւ ժողովրդի անվտանգությունը: Ուստի մենք ասում ենք՝ Նիկոլ Փաշինյան, հեռացիր, տեղդ զիջիր մարդկանց, որոնք կկարողանան ապահովել դա»։
Ընդդիմադիրների երթը հասավ Ֆրանսիայի հրապարակ, որտեղ ընդդիմադիր ուժերի ներկայցուցիչները ելույթներ ունեցան։
«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը նախ հիշեցրեց, որ երեկ երթով շարժվել են դեպի Գլխավոր դատախազություն, որտեղ դիմում են հանձնել Դատախազությանը։
Դիմումը, հիշեցնենք, վերաբերում էր Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցած քրեական գործին: Հակոբյանն ասել էր, թե պատերազմի մեկնարկից երեք օր անց Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է դադարեցնել բանակի համալրումը:
Ղազինյանը հայտնեց՝ այսօր դատախազությունից ստացել են պատասխան, որում ասված է, որ իրենց կողմից մատնանշված հարցերի պատասխաններն այս պահին, գործի շահերից ելնելով, հրապարակման ենթակա չեն․
«Միևնույն ժամանակ հայտնում են, որ արդեն իսկ ձեռնարկվել են ինչպես նաև ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները քրեական գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննության բոլոր հանգամանքները, այդ թվում ընդդիմության կողմից երեկ հանձնված հանգամանքները բացահայտելու նպատակով»։
Ըստ Ղազինյանի՝ Դատախազությունը խոստացել է, այս գործի նախաքննության ընթացքոմ ձեռք բերված բոլոր տվյալները ներկայացնել հնարավորինս հրապարակային՝ հաշվի առնելով գործի հանրային հնչեղությունը։
«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավարը հայտարարեց՝ մինչև երկուշաբթի օրը ժամը 12։00-ն ժամանակ են տալիս Դատախազությանը հարցաքննել և կասկածյալի դատավարական կարգավիճակ տալ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև պետական դավաճանության մեղադրանքով անհապաղ ձերբակալալել, այնուհետև կասեցնել Նիկոլ Փաշինյանի լիզորությունները ՀՀ վարչապետի պաշտոնում։
Ընդդիմադիրները իրավապահ համակարգից ակնկալում են նաև, որ Նիկոլ Փաշինյանին պետք է մեղադրանք առաջադրվի պետական դավաճանության հոդվածով և որպես խափանման միջոց ընտրվի կալանավորումը։
Ղազինյանի խոսքով՝ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բացառիկ շանս ունի պատմության մեջ մնալու որպես պետական դավաճանին ձերբալակող անձ, ուստի մինչև երկուշաբթի ժամը 14։00-ն կսպասեն հանրային հաշվետվության Դատախազության կողմից, հակառակ դեպքում՝ պատրաստվում են անժամկետ նստացույց իրականացնել Դատախազության դիմաց ՝ պահանջելով անհապաղ հարցաքննել և կալանավորել Նիկոլ Փաշինյանին։