Ռոբերտ Հովհաննիսյանն ու Մանուէլ Պետրոսյանը կհանդիպեն շախմատի Եվրոպայի փլեյ-օֆֆում
Աջակցիր «Ա1+»-ինԿայծակնային շախմատի 2020թ Եվրոպայի առցանց առաջնությունում կայացել է ընտրական մրցաշարը: 40 երկրների 323 շախմատիստ շվեյցարական մրցակարգով վիճարկեցին փլեյ-օֆֆի 16 ուղեգրերը:
Հայաստանից այդ մրցաշարին մասնակցեցին 16 շախմատիստ-շախմատիստուհի՝ այդ թվում հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը, կանանց չեմպիոն Մարիա Գևորգյանը և ուրիշներ: Մերոնցից փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեցին գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Մանուէլ Պետրոսյանը: Առաջինը 11 հնարավորից վաստակեց 9 միավոր և չորս շախմատիստների հետ բաժանեց 1-5-րդ տեղերը: Մանուէլ Պետրոսյանը 8 միավորով բաժանեց 12-26-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով նա ի վերջո զբաղեցրեց 15-րդ տեղը և նույնպես մտավ փլեյ-օֆֆ: Իսկ ահա նույնպիսի արդյունք ցույց տված Արամ Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանը գրավեցին համապատասխանաբար 19-րդ և 23-րդ տեղերը:
Այսօր տեղի կունենան 1/8 և 1/4 եզրափակիչ փուլերի հանդիպումները: Կողմերը յուրաքանչյուր փուլում կանցկացնեն 4-ական պարտիա: Ոչ-ոքի դեպքում հաղթողը կորոշվի «Արմագեդոնում»:
Առաջնության մրցակարգով 1/8 եզրափակիչում Ռոբերտ Հովհաննիսյանը կհանդիպի հենց Մանուէլ Պետրոսյանի հետ:
Դեկտեմբերի 20-ին տեղի կունենա կիսաեզրափակիչ և եզրափակիչ հանդիպումները: Մրցաշարի հաղթողը կստանա 2500 եվրո պարգևավճար, 2-3-րդ տեղերը՝ 2000 և 1500 եվրո: