Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Ապրելու ենք, որ  հաղթենք». նվիրատվություն զինծառայողների ապահովագրության հիմնադրամին (տեսանյութ)

Դեկտեմբերի 22-ին «Հայփոստ» ընկերությունը «Ապրելու ենք, որ  հաղթենք» խորագրի ներքո մարեց և շրջանառության մեջ  դրեց նամականիշերի և բացիկների շարք: 

Մարումն իրականացրին «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: 

Ինչպես նշեց Հայփոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը. «Այսօր մեր բոլորի կարևորագույն անելիքներից մեկը զինծառայողներին և նրանց ընտանիքներին սատարելն է: Հայփոստը պատերազմական օրերին իր հնարավորությունների առավելագույն չափով եղել է բանակի կողքին: Այսօր ևս Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հետ համատեղ իրականացնում ենք երկու կարևոր նախագիծ, որոնց խորագիրն է «Ապրելու ենք, որ հաղթենք»: Սա Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հետ Հայփոստի առաջին նախագիծը չէ: Նախկինում Հայփոստը թողարկել է նվիրատվության կտրոնով նամականիշեր, որի արդյունքում գոյացած բավական պատկառելի գումար է փոխանցվել հիմնադրամին»: 

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանն իրենց ելույթներում ընդգծեցին նման նախաձեռնությունների առանձնահատուկ կարևորությունն այսօր: 

Բացիկ գնելով զինծառայողների համար նվիրատվություն անելը առավել քան դյուրին է, բավական է միայն այցելել https://postcards.stamps.am/  կայքէջը: Ձեր նվիրաբերած գումարն ամբողջությամբ կփոխանցվի հիմնադրամին, իսկ Հայփոստը նշված փոստային հասցեով կառաքի Ձեր ընտրած բացիկը՝ որպես հիշատակ Ձեր կատարած նվիրաբերության մասին: Հասցեական առաքումն իրականացվում է անվճար. Երևանում՝ 1, իսկ մարզերում՝ 2-3 աշխատանքային օրում։ Արտասահմանում առաքումն իրականացվում է 14-30 օրում:

Ինչպես օգնել զինծառայողներին և նրանց ընտանիքներին՝ պատվիրելով բացիկ 

* postcards.stamps.am կայքում ընտրում եք առաջարկվող 8 թեմատիկ բացիկներից մեկը

* գումարի սանդղակի միջոցով նշում եք այն գումարը, որը պատրաստ եք վճարել բացիկի համար (նվազագույն գումարը 500 դրամ է) և սեղմում  «Նվիրաբերիր» կոճակը

* Կայքում վճարումն իրականացվում է ցանկացած բանկային քարտով։