Առաջիկա երկու-երեք ամիսներին Հայաստանին սպասվում են լուրջ փորձություններ․ Հրանուշ Խառատյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգագրագետ Հրանուշ Խառատյանը չի կարծում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության պայքարը կարող է քաղաքացիական պատերազմի բերել, բայց նաև չի բացառում, որ կարող են բախումներ լինել։ Հատկապես որ հիմա մարդկանց մոտ մեծ քանակությամբ զենք կա։
Նրա խոսքերով՝ ճիշտ է, իշխանությունը բախումների չի տանում, բայց անելիքների կամ արած քայլերի մասին ամենօրյա տեղեկություն չտալով՝ մեծացնում է հանրության մեջ առկա լարվածությունը։
Ազգագրագետը նաև համոզված է, որ առաջիկա երկու-երեք ամիսներին Հայաստանին սպասվում են լուրջ փորձություններ։
«Տարածաշրջանում ռուսական ու թուրքական ներկայությունը գնալով ավելանում է։ Թե ինչպես է ՌԴ-ն պատրաստվում ներկայանալ տարածաշրջանում, արդեն դուրս է եկել հայտարարության շրջանակներից։ Եվ այդ երկու ռազմական ներկայություններն առաջիկա ամիսներին պետք է կամ խնդիրները համաձայնեցնեն կամ համաձայնեցրած խնդիրները լուծեն։ Եվ համոզված եմ, որ այդտեղ լուրջ սպառնալիք կա ՀՀ-ի նկատմամբ։ Կողմերից ոչ մեկը՝ իշխանությունը կամ ընդդիմությունը, չի ասում, թե ինչ պետք է անեն»,- ասում է Հ․Խառատյանը։
Վերջինս հավելում է, որ ԼՂՀ կոնֆլիկտն այս պատերազմով ոչ միայն չի լուծվել, այլ գտնվում է ամենաբարձր զգայական փուլում։ Ասում է՝ նման դեպքում միջազգային խաղաղարար միջնորդությունները սովորաբար փորձում են կողմերին բերել ինչ-որ միջանկյալ համաձայնության, որ միմյանց չվնասեն։ Բայց այդ ուղղությամբ քայլեր չեն արվում։
Մանրամասները՝ տեսանյութում