Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0140230
A A
Քաղաքականություն

Այս պահից սկսած՝ աշխատանք ունենք իրականացնելու «Իմ քայլը» խմբակցության յուրաքանչյուր պատգամավորի հետ․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Ազատության հրապարակում ժամը 18։00-ից կրկին շարունակվում է ընդդիմադիրների հանրահավաքը։

Նրանք, հիշեցնենք, մինչև ժամը 18։00-ն ժամանակ էին տվել իշխանական պատգամավորներին՝ գալ և իրենց հետ քննարկել ստեղծված իրավիճակը, պատգամավորներից որևէ մեկը, սակայն, չի ներկայացել։

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարեց՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները որոշեցին, որ իրենց թղթի կտոր մանդատի տերը ավելի կարևոր է, քան ժողովուրդը։

Գեղամ Մանուկյանը դիմեց կառավարական շենքում և նախարարություններում աշխատող մասնագետներին՝ պնդելով, թե նրանք 2,5 տարի բողոքել են անփորձ ու անգրագետ նախարարներից ու փոխնախարարներից․

«Ձեր հանդուրժելու պատճառով փլվել է ՀՀ պետական կառավարման համակարգը, այդ համակարգի փլուզումն է նաև պատճառը, որ մենք պարտվել ենք պատերազմում։ Դու ստրուկ եք դարձել, ձեր ժամանակը սպառվում է՝ կամ դուք ընբոստանում և ընդվզում եք, կամ մասնակիցն եք դառնում այն մեծ դավաճանության, որի գլխին վարչապետի աթոռը գրկած Նիկոլ Փաշինյանն է»։

Մանուկյանն ասաց՝ շենքերի շրջափակումները դադարեցնում են ժամանակավոր։

ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանն  էլ հայտարարեց, որ որևէ արձագանք չունեն իշխանական խմբակցությունից, ինչն իրենց ավելի վճռական ու ամուր է դարձնում․

«Մենք այս պահից սկսած աշխատանք ունենք իրականացնելու «Իմ քայլը» խմբակցության յուրաքանչյուր պատգամավորի հետ»։

Սաղաթելյանն ասաց՝ կհրապարակեն իշխանական խմբակցության պատգամավորների անունները և ՀՀ քաղաքացիներն ազատ են իրենց  գործողություններում, որպեսզի ստիպեն նրանց գումարել խորհրդարանի նիստ։

Սաղաթելյանը հայտարարեց՝ եթե իրենց պահանջը չեն բավարարելու, գիշերը մնալու են հրապարակում։

ՀՅԴ անդամը ընթերցեց պետական կառավարական ապարատի այն ներկայացուցիչների անունները, ովքեր միացել են իրենց հանրահավաքին՝ Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պողոսյան, Կարմիր բերետավորների հրամնատարի տեղակալ Խաչիկ Թովմասյան, ոստիկանության զորքերի հրմնատարի տեղակալ Սամվել Հակոբյան։

Մանուկյանը նաև հայտարարեց, թե տեղեկություն է ստացվել, որ հրաժարականի դիմում են ներկայացրել ՊՆ-ի ռազմական ոստիկանության պետի օպերատիվ գծով տեղակալ Ալեքսանդր Աղաջանյանն ու օպերատիվ ծառայության պետ Տիգրան Եղյանը․

«Ըստ տեղեկությունների՝ պատճառը եղել է այն, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ու ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը հրահանգել են նշված անձանց, որպեսզի նրանք նույնպես աշխատանքներ կատարեն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեկտեմբերի 19-ի կազմակերպած երթի համար մեծ թվով մարդկանց հավաքագրեն: Աղաջանյանն ու Եղյանը հրաժարվել են կատարել այդ հանձնարարությունը եւ աշխատանքի ազատվելու դիմումներ են ներկայացրել»,-ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ այսպիսին է Նիկոլ Փաշինյանի համակարգը:

ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ իշխանական գործընկերներին հորդորեց հենց վաղը ներկայանալ խորհրդարան և չեղարկել ռազմական դրությունը․

«Այլապես հումանիտար միջանցք չեք ունենա»,-հայտարարեց Տոնոյանը։

Հանրապետության հրապարակում ցուցարարները խարույկ են վառել, ամբիոնից Գեղամ Մանուկյանը ոստիկաններին հորդորեց չխանգարել քաղաքացիներին․

«Քաղաքը նաեւ մերն է, քաղաքացիներինն է, որոնք իրավունք ունեն իրենց սահմանադրական բոլոր իրավունքներից օգտվել, այդ թվում իրենց քաղաքական բողոքի արտահայտման համար գիշերել Հանրապետության հրապարակում»։

Մանուկյանը հավելեց՝ քանի որ ցուրտ է, մարդիկ իրավունք ունեն նաեւ ջերմանալ․

«Խնդրում եմ մի արգելեք, որպեսզի քաղաքակիրթ կերպով փողոցում վառարանները տեղավորեն, չաղտոտելով մայրաքաղաքը, ուղղակի խարույկ վառեն այդ վրաններում: Մենք մեր քաղաքը չենք աղտոտում՝ ի տարբերություն քաղաքի անտեր ղեկավարության, որ քաղաքը դարձրել է խոզանոց: Այստեղ կանգնած են հայրենիք սիրող մարդիկ, որոնց ձեր վարչապետը կոչել է էլիտա»:

Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ վաղը ևս շարունակվելու են անհնազանդության ակցիաները, հայտարարում են գործադուլ և դասադուլ, իսկ արդեն ժամը 16։00-ին լինելու է մեծ հանրահավաք․ Սաղաթելյանը նաև վերահաստատեց, որ գիշերելու են հրապարակում, իսկ այս պահին երթով քայլում են կառավարության շենքի շուրջ։