Ադրբեջանը պատրաստվում է այն պատերազմին, որին մասնակցելու են մեր երեխաներն ու թոռները․Դ․Հարությունյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարության մոտ մեկնարկել է ընդդիմության ակցիան։ Կառավարական շենքի բոլոր մուտքերը հսկվում են ոստիկանության կողմից, հավաքված են նաև քաղաքացիներ։
Հիշեցնենք՝ ընդդիմությունը երեկ հարթակից հայտարարել էր Կառավարական շենքը շրջափակելու և կառավարության նիստը խափանելու մասին։
Կառավարության մոտ ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կուտակել և ուժեղացված հսկողություն է իրականացնում։
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ եթե կառավարության անդամները գաղտագողի մուտք են գործել շենք , ապա դուրս գալ չեն կարող։
Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն էլ հայտարարեց՝ չտեսնել, թե ինչ է տեղի ունենում այսօր, հանցագործություն է ապագա սերունդների հանդեպ․
«Յուրաքանչյուրն իրեն պետք է մեկ հարց տա՝ ինչո՞վ է պայմանավորված սահմանների այս շուտափույթ վերաձևումը, ինչո՞վ է պայմանավորված, որ հենց մեր սահմանի վրա Ադրբեջանը սկսել է կառուցել խոշոր ռազմաբազաներ և տեղակայել հարձակվողական զենքեր, շատերի հույսն այն է, որ Ռուսաստանը այսօր թույլ չի տա ներխուժել Հայաստանի տարածք, բայց Ադրբեջանը այսօր պատրաստվում է այն պատերազմին, որին մասնակցելու են մեր երեխաներն ու թոռները»։
Ըստ Հարությունյանի՝ այս պահին քննարկվում է ապագա սերունդների անվտանգության հարցը։
Ինչ վերաբերում է նախկին իշխանությունների հանդեպ հանրության վերաբերմունքին, Հարությունյանն ասում է՝ չկա իշխանություն, որը սխալներ թույլ չի տվել, և Հանրապետականը բացառություն չէ․
«Հանրապետականը, բնականաբար, ունեցել է իր սխալները, բայց այս իշխանությունը գտել է մի նուրբ հոգեբանական հնարք՝ սերմանել ատելություն, ինչը շատ հայտնի է պատմությունից ի վեր՝ բաժանիր, որ տիրես»։
Հարությունյանը հայտարարեց՝ ընդդիմությունը շատ լավ հասկանում է, որ չպետք է ժողովրդին բաժանել, մինչդեռ դա անում է իշխանությունը։
Կառավարության մոտ քաղաքացիները վանկարում են «Նիկո՛լ, դավաճան»։